Հոկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երևանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի բարեկամ Անն Իդալգոյին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին։ «Մեծ հաճույք է ողջունել Երևանում Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմը խորհրդանշում է այն համերաշխությունը, որն առկա է ֆրանսիական քաղաքական ուժերի միջև հայ-ֆրանսիական բարեկամության հանդեպ», – ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետն ընդգծեց, որ հաճելի է գտնվել Հայաստանում՝ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունների առիթով և այդ առիթն օգտագործել նաև երկու քույր քաղաքների միջև կապերի ու համագործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ընդլայնմանը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։
Կարդացեք նաև
«Ձեր անկեղծ նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը դրսևորվել է մշտապես ձեր գործունեության ողջ ճանապարհին, և հաճելի է, որ այդ ճանապարհի մի մասը մենք անցել ենք միասին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում, որ անցյալ տարի ապրիլի 24-ի երեկոյան Դուք անձամբ մարեցիք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի», – շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։
Ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության ամրապնդման գործում նրա ունեցած կարևոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը:
ԱԳՆ հաղորդագրություն