«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակներում Պարօլիմպիկ մարզիկները «Մոսկվա» կինոթատրոնի մոտից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ եւ Երեւանի քաղաքապետարան:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հինգերորդ անգամ է, որ տոնակատարության շրջանակներում նման երթ է կատարվում: Նա նշեց, որ տարբեր մարզաձեւերից մարզիկներ են մասնակցում երթին, նրանց շարքում է նաեւ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած պարօլիմպիկ խաղերի մասնակից, լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը. «Իրենք իրենց համարում են հասարակության անբաժան մասը, քաղաքի բնակիչ, եւ ցանկացան մասնակցել այս երթին: Այսպես մենք քաղաքի տոնն ենք նշում»:
Հակոբ Աբրահամյանը ընդգծեց, որ Երեւանի կենտրոնը ավելի մատչելի է դարձել սայլակների համար, ինչը քաղաքապետարանի հետ համագործության արդյունքն է. «Մենք՝ հասարակական կազմակերպություններս, օգնում ենք իրենց, որ հասարակության լիարժեք մաս կազմեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ