Արդեն 2-րդ օրն է` տոնական տրամադրություններ են հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում: Քաղաքը նշում է հիմնադրման 2701-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնի բուն օրն է: Օրը խորհուրդ ունի: 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին, հայ գրերի գյուտն արած, Մեսրոպ Մաշտոցը մուտք գործեց Էջմիածին, ուր նրան խանդավառությամբ դիմավորեց ժողովուրդը` Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անդավաճան սկզբունքն է, որ նույնիսկ տոնի շրջանակներում գումար ծախսվում է միայն մնայուն արժեքների համար, որ տասնամյակներ շարունակ ծառայելու են Էջմիածնին, էջմիածնեցուն: Ահա, այսօր անվանակոչության արարողություն էր Մշակույթի պալատի հարակից այգում: Այս տարածքը կարճ ժամանակահատվածում չոր, տափաստանային վիճակվեց էջմիածնեցիների սիրելի զբոսավայրի. Տարածքը կանաչապատվեց, ասֆալտապատվեց, լուսավորվեց, տեղադրվեցին նստարաններ: Իսկ անվանակոչվեց այգին սուրբ Մարիանեի անունով. Սա, ի դեպ, այն վայրն է, որտեղ հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչին տեսիլք է եկել:
Այսօր նաեւ Տիգրան Մեծի արձանի բացումն էր. Քանդակի հեղինակն է Տիգրան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Էջմիածնի տոնի միջոցառումները մեկնարկեցին երեկ` տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի հարգմամբ: Նախ քաղաքի ակտիվը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեց Զվարթնոց թաղամասում գտնվող պանթեոնում, ուր հանգչում են Արցախյան ազատամարտի նահատակ էջմիածնեցիների աճյունները: Ապա ծաղկադրման արարողություն էր Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի մոտ:
Կարդացեք նաև
Ավանդույթի պահպանում կարելի է համարել նաեւ գեղանկարների ցուցահանդեսի բացումը, համայնքի ավագանու տոնական նիստը, ծաղկադրումը Արցախյան հաղթանակը խորհրդանշող «Հաղթանակ» հուշարձանին:
Ավանդական է նաեւ տոնական հանդիսավոր նիստը: Այստեղ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում հանձնվեց Ռիոյի օլիմպիական մրցանակակիր էջմիածնեցի մարզիկներին` Միհրան Հարությունյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտական հոգածության ներքո է պահում բոլոր բնագավառները` բարեկարգում, կանաչապատում, կրթություն, մշակույթ, նաեւ` սպորտ: Եվ պատահական չէ, որ էջմիածնեցի մարզիկներն էլ ոչ միայն քաղաքի, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի պատիվն են բարձր պահում միջազգային մրցասպարեզներում:
Պատվավոր քաղաքացու կոչում ստացան նաեւ մաեստրո Ռուբեն Շարբաթյանը, նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ժողովրդական վարպետ, Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակ Արշակ Մանուկյանը: Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանն էլ արժանացավ «Քաղաքի բարեկամ» կոչման:
Տոնական տրամադրությունն Էջմիածնում կպահպանվի նաեւ հոկտեմբերի 9-ին. նախատեսված են տոնական շքերթ, տաղավարների ցուցադրություն, բարձրաճաշակ համերգ, որ կուղեկցվի գունեղ հրավառությամբ:
Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն