«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակում է հանդիպում-քննարկումների շարքը քաղաքական իրավիճակի, «Սասնա Ծռեր»՝ մինչ ՊՊԾ և հետո, հանրության դերն ու անելիքները խորագրով:
Մասնավորապես՝ սույն թվականի հոկտեմբերի 7-ին Վանաձոր և Գյումրի քաղաքներում Զ. Փոստանջյանը հանդիպումներ ունեցավ քաղաքացիների հետ: Երկու քաղաքներում էլ քաղաքացիներին ներկայացվեց Հայկական պետականության վերականգնման հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր), որն ընդունվեց բաց քվեարկությամբ:
Գյումրիում և Վանաձորում քաղաքացիները ընդունեցին Հռչակագիրը, որպես հիմք՝ նախքան նոր օրինական հայկական իշխանության ձևավորումը, աշխարհի հայահոծ վայրերում ստեղծել քաղաքական կառավարման կառույցներ, որոնք կոչված կլինեն սպասարկել Հռչակագրի դրույթները:
«Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում Հայկական բարձրավանդակի ու հարակից տարածքների ազատագրում, մինչ այդ հիմք ընդունելով հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հենքի վրա Հայկական միասնական պետականությունը, որի կառավարման համակարգը հիմնված կլինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման, հակակշռման ու զսպումների կառուցակարգերի վրա: Քաղաքական կառավարման համակարգը պետք է զերծ լինի քաղաքական մենաշնորհից: Հայոց պետականության կրողը համասփյուռ հայ ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն` իր իսկ հիմնադրած ներկայացուցչական մարմինների միջոցով: Հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներն իրավունք ունեն կրելու Հայկական պետականության քաղաքացիությունը և բանեցնելու քաղաքականություն: Բոլոր հայերը գտնվում են Հայոց պետականության պաշտպանության և աջակցության ներքո, իրավունք ունեն ազատագրված հայրենի բնօրրանում ստանալ անհատույց հողակտոր` տուն կառուցելու նպատակով:
Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Հայոց պետականության սահմանների ողջ երկայնքով արգելվում է: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական հենակետերն ու շինությունները չեն կարող տեղաբաշխվել Հայոց պետականության տարածքում երկրի ռազմաքաղաքական հայեցակարգի անտեսմամբ և համապատասխան նյութական փոխհատուցման:»
Կարդացեք նաև
Հանդիպումների շարքը շարունակելի է:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն