Նոր նախարար ունենք, իսկ պատերազմող երկրներում, երբ պաշտպանության նախարար է փոխվում, նախկինի մասին արագ մոռանում են: Այո, նոր նախարարը զինվորական չէ, ավելին՝ վառոդի հոտը չի զգացել, բայց ո՞վ ասաց, որ հատկապես պատերազմող կամ դրա վտանգի առջեւ կանգնած երկրներում են պաշտպանության նախարարից պետք է վառոդի հոտ գա: Ճիշտ հակառակը, չպետք է գա: Պաշտպանության նախարար նշանակելով քաղաքացիական անձիՙ Հայաստանը ցույց է տալիս, որ իր խնդիրը ոչ թե պատերազմելն է, այլ դրա բացառումը: Նման երկրներ շատ կան, երբ պաշտպանության նախարարը քաղաքական դեմք է, եւ այդ երկրներում խիստ կարեւոր է դառնում Գլխավոր շտաբի պետը: Մեր ՊՆ Գլխավոր շտաբի նոր պետը գեներալ Մովսես Հակոբյանն է, իսկ նա վառոդի հոտ առել է:
Ինքը՝ Վիգեն Սարգսյանը, ՀՀ Զինված ուժերում ծառայել է, ավելինՙ ի տարբերություն սովորական ծառայությանՙ ոչ թե երկու, այլ շուրջ երեք տարի: Նոր նախարարի կենսագրության մեջ կարդում ենք, որ նա 2000-2003-ը ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ում եւ եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտը: Իսկ սա նույնպես համարվում է ծառայություն: Այսինքն` բոլոր այն խոսակցությունները, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանության նախարար նշանակել մեկին, ով չի ծառայել, անհիմն են: Իսկ մեր երկրում, ինչպես գիտենք, անհիմն շատ են խոսում:
Այլ հարց է, թե որքանո՞վ կկարողանա Վիգեն Սարգսյանը՝
ա) զսպել ՊՆ-ի որոշ գեներալներիՙ Բաքվում թեյ խմելու ախորժակը եւ առհասարակ… ախորժակը, եւ
Կարդացեք նաև
բ) իրականացնել ռազմաքաղաքական դիվանագիտություն:
Առաջին կետով՝ ժամանակը ցույց կտա, չնայած փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում ժամանակը ոչ թե ցույց է տալիս, այլ ուղղակի անցնում է:
Երկրորդ կետի հետ կապված լուրջ հույսեր ունենք:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում