Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կանխատեսումը բացասական է
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի տնտեսության համար լավատեսական կանխատեսումներ է արձանագրել: Հիմնադրամի կողմից օրերս հրապարակված հերթական զեկույցում նշված է, որ 2016 թվականը Հայաստանը փակելու է իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3.2 տոկոս աճով:
Նկատենք, որ այս կանխատեսմամբ` ԱՄՀ-ն բարելավել է Հայաստանի 2016 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը: Նախկինում կանխատեսվում էր 2.25-2.5%:
Փաստենք, որ 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի ՀՆԱ աճը 2016-ին կկազմի 2.2%, Համաշխարհային բանկի կանխատեսումով՝ 2016-ին Հայաստանում սպասվում է 1.9% տնտեսական աճ` 2017-2018 թվականներին արագանալով մինչեւ 2.8-2.9%: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի տնտեսական աճը 2016-ին կանխատեսում է 2%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների` ՀՆԱ-ի 2016 թվականի աճը վերանայվել է դեպի արագացման կողմը` 1.5-2.6%-ից մինչեւ 2.7-3.6%, բայց նոյեմբերին սպասվում է հերթական վերանայումը դեպի դանդաղման կողմը:
Ըստ վերջին վիճակագրական տվյալների` տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար-օգոստոսին աճել է 2.4%՝ 2015-ի 3.9%-ի փոխարեն, իսկ աճի արագացումը հիմնականում խթանել է արդյունաբերության ոլորտը (7%), ինչպես նաեւ ծառայությունների ոլորտը (8%):
Կարդացեք նաև
«Առավոտը» տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց` Հայաստանը «կձգի՞» նման տնտեսական աճի տեմպերի, մանավանդ, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությանը «դուխով» առաջ շարժվելու հորդոր էր հղել: Պարոն Խաչատրյանի պատասխանը բացասական է. «Նախ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է հիմնավորի, թե որ ոլորտն է նման աճ ապահովելու` գյուղատնտեսությունը, արտադրությունը, ծառայությունների ոլորտը: Համենայնդեպս, նման պատկեր չկա, հակառակը` կա անկում: Նախատեսվածից ավելի մեծ անկում կլինի, քանի որ ամենակարեւոր գործոնը, որը պետք է նպաստեր, տրանսֆերտներն էին, որի հետ կապված էլի բացասական են սպասելիքները, քանի որ ՌԴ-ում այդ նույն Արժույթի միջազգային հիմնադրամը ոչ լավատեսական կանխատեսումներ էր արել»:
Պարոն Խաչատրյանն արձանագրեց, որ Ռուսաստանից սպասելիքներն իրականություն չեն դառնում. «Ներդրումների առումով գուցե սպասելիք կա, բայց հիմա վիճակն անմխիթար է»:
Մեր դիտարկմանը, թե նոր կադրեր են բերվել կառավարման համակարգ, այս պարագայո՞ւմ էլ ԱՄՀ-ի կանխատեսած 3,2 տոկոսը ի վիճակի չեն լինի ապահովել, տնտեսագետը հակադարձեց` վստահեցնելով, որ այս հարցում կադրերը որոշիչ չեն. «Եթե կադրային փոփոխություններով հարցը լուծվեր, կարող էին մի քանի անունով մարդ դրսից բերել, որ խնդիրը լուծեին: Տնտեսական խնդիրները ՀՀ-ում քաղաքական դաշտում են գտնվում եւ կադրերից կախված չեն, այլ կախված են քաղաքական որոշում ընդունող մեկ մարդուց, որի անունը ՀՀԿ ղեկավար է: Եթե քաղաքական որոշում կա, որ կառավարման համակարգը փոխվում է, որ կոռուպցիան այսօրվա քաղաքական կամ տնտեսական համակարգի գլխավոր գործոնը չէ, այդ դեպքում առանց կադրերի փոփոխման ակնկալիքներ կլինեին: Շուկայական տնտեսությունում ենք ապրում, իսկ շուկան արագ կզգար դա եւ կնպաստեր տնտեսական զարգացմանը: Բայց քանի որ այդ որոշումը չկա, կադրերի փոփոխությունները նշանակություն չունեն»:
Մեր այն դիտարկմանը` Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ հանդես եկավ` նաեւ զգուշացնելով, թե «նեղանալ չկա», պարոն Խաչատրյանն արձագանքեց. «Ես նման քաղաքական դիրքորոշում ու կտրուկ հայտարարություններ իմ հարցադրման հետ կապված չեմ լսել: Հակառակ դեպքում, եթե դիրքորոշման փոփոխություն լիներ, արագ կզգայինք»:
Նշեցինք, թե այն, որ կառավարության կազմը թարմացվել է, նոր դեմքեր են կառավարման համակարգում, արդյոք դա լավատեսական ակնկալիքների տեղիք չի՞ տալիս, պարոն Խաչատրյանը կրկին հակադարձեց. «Որեւէ նշանակություն չունի. 2008-ի կառավարությանն էլ որ նայենք, էլի նոր մարդիկ էին ու էլի հույս ներշնչող վարչապետով, ու ի՞նչ փոխվեց: Այդ վարչապետը հետո դարձավ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը»:
Մեր այն մտահոգությանը, թե մտավախություն կա՞, որ նորից նույն սցենարն է կրկնվելու, պարոն Խաչատրյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, կրկնվելու է»:
Այս ֆոնին փաստենք, որ ԱՄՀ նույն զեկույցի կանխատեսումներով` առաջիկա հինգ տարում Հայաստանը տնտեսական աճի տեմպերով կգերազանցի Ադրբեջանին եւ կզիջի Վրաստանին:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
07.10.2016