Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եկեք ամեն օր մեր կյանքում «Կիկոսի մահը» չբեմադրենք»

Հոկտեմբեր 08,2016 15:30

Հորդորում է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– Երեկ կառավարության նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը դիմելով կառավարության անդամներին՝ ասել էր. «Ինչպես պայմանավորվել էինք, նեղանալ չկա: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է: Ես վստահ եմ, որ նրա կշտամբանքներն ու դիտողությունները ձեր անձին չեն ուղղված»: Նախագահը նաեւ ասել է, որ այս կառավարությունը տարբերվելու է նախորդներից: Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ ի տարբերություն մյուս կառավարությունների, լիարժեք ազատություն եւ գործելու հնարավորություն է տրվել: Ինչո՞ւ մինչեւ հիմա այդպես չէր, ինչո՞ւ նախագահը որոշեց իր հեռանալուց գնալ նման փոփոխությունների, ինչի մասին ինքը պաշտոնավարման առաջին օրից էր խոսում:

– Իսկ ո՞ւր է հեռանում նախագահը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018-ին, եւ որքան ես գիտեմ՝ Հայաստանում նախագահի միայն մեկ հրաժարական է եղել, այն էլ՝ անցած դարում: Սերժ Սարգսյանը ՀՀ եւ ՀՀԿ նախագահն է, եւ իբրեւ իշխող քաղաքական ուժի ղեկավար՝ նա է իրավասու փոփոխությունների հանձնարարականներ տալ: Եթե անգամ միայն «Առավոտի» 2008-ից սկսած հավաքածուները նայեք, կհամոզվեք՝ փոփոխություններ միշտ են եղել: Կուսակցությունը եւ երկրի նախագահը միշտ են արձագանքել մարտահրավերներին՝ եւ կառավարություններ են փոխվել, եւ վարչապետներ, սա բնականոն ընթացք է այն պետությունների համար, որոնք ձգտում են ռեալ արդյունքներ արձանագրել ժողովրդի կյանքում: Նախագահը հստակ ասաց նորանշանակ նախարարներին, որ պարտավոր են աշխատել միասնական, համախմբված եւ ջանասիրաբար, ասաց, որ կառավարության ղեկավար վարչապետին պիտի վերաբերվել որպես իրենց թիմի առաջնորդի, եւ աշխատեն նրա շուրջը համախմբված։ Վստահ եմ՝ ղեկավարի եւ աշխատանքի հանդեպ այսպիսի նվիրումը եւ վերաբերմունքը բոլոր հաջողությունների առաջին գրավականն է։

– Ինչպե՞ս եք վերաբերվում Կարեն Կարապետյանի անկեղծությանը: Առաջին անգամ խորհրդարանի ամբիոնից նա անկեղծորեն հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է: Դա հասկանալի էր: Բայց երեկ էլ նույն անկեղծությամբ ասաց, որ դեռ լուծումներ չունի: Շուտով կառավարության ծրագիրը պետք է ներկայացվի, բայց լուծումներ կամ մոտավոր պատկերացումներ, փաստորեն, չկան:

– Միանգամից ասեմ, որ Ձեր տպավորությունը սխալ է, խնդրում եմ, մակերեսային գնահատականներ մի տվեք ի սկզբանե: Անկեղծությունը հիանալի որակ է մարդկային հարաբերություններում, բայց պետական կառավարման մեջ անկեղծ լինել կամ կեղծ լինել գործնականում հնարավոր չէ: Վարչապետը, այո, իր գործելաոճով տարբերվում է նախորդներից, եւ դա կառավարության առաջին նիստից, խորհրդարանում առաջին հարցուպատասխանից ակնհայտ է: Նա, իհարկե, հանգիստ կարող էր տալ հերթապահ, խուսափողական, լիքը բառերով, ոչինչ չասող պատասխաններ, բայց, բարեբախտաբար, գերադասում է պարզ ու շիտակ լինել: Ցավում եմ, որ մարդկային անկեղծությունը շփոթվում է աշխատանքային անզորության հետ՝ իբր լուծումներ ու մոտավոր պատկերացումներ չկան: Դուք «մոռանում եք» նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր քնում ու արթնանում են այնքան նախագահ ու վարչապետ, որքան այդ պահին բնակչության թիվն է:

Կհամաձայնե՞ր Կարեն Կարապետյանը ստանձնել վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ չունենալով «լուծումներ» ու «մոտավոր պատկերացումներ»: Վստահ եմ, որ ոչ: Սահմանված ժամկետում խորհրդարան կներկայացվի կառավարության ծրագիրը, եւ դուք էլ, թերահավատներն էլ կհամոզվեն, որ լուծումները եւ կան, եւ իրատեսական են՝ երկրի հնարավորությունների սահմաններում: Խնդիրը հենց այդ հնարավորությունների մեծացումն է: Եվ այդ աշխատանքը չի լինելու կաբինետների խորհրդավոր լռության մեջ կամ ինտրիգային դաշտում։ Ինքը՝ Կարեն Կարապետյանը, ի լուր բոլորի հայտարարեց. «Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու, որ գնում ենք ժողովրդի սպասումների ու ակնկալիքների ճանապարհով: Մենք հուշելու ենք այն քայլերը, որոնք ուղղված են մեր քաղաքացու անվտանգ զգալուն: Մենք ռեգուլյար բացատրելու ենք, ինչի ենք դա անում, ինչ նպատակ ունենք եւ լսելու ենք նրանց խորհուրդները»։

– Կրիմինալի եւ կաշառակերության հետ առնչվող մարդիկ հեռացվում են կառավարությունից` Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Սուրիկ Խաչատրյան: Այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում: Մտավախություն չկա՞, որ նրանք դուրս կգան ՀՀԿ-ի դեմ, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն այլեւս իր առաջնային դիրքը չի պահպանի, քանի որ այդ մարդիկ ընտրական գործընթացներում մեծ դերակատարում ունեին:

– Ես շատ ուրախ եմ, որ Հովհաննես Թումանյանը այդքան արդիական հեղինակ է մնում նաեւ 21-րդ դարում: Բայց գրականությունը գրականություն է, իրականությունը՝ իրականություն: Եկեք ամեն օր մեր քաղաքական կյանքում «Կիկոսի մահը» չբեմադրենք: Իսկ ի՞նչ հիմքեր ունեք Դուք նախկին պաշտոնյաներին վերագրելու նման մտքեր ու ցանկություններ: Ի վերջո՝ թե Ձեր նշած նախարարներն ու մարզպետը, թե նրանք, ում անունները չնշեցիք, մի ամբողջ կուսակցություն չեն նշանակում: ՀՀԿ-ի ուժը իր կառույցներում է, որ սփռված են բոլոր մարզերում, ՀՀԿ-ի ուժը մարդկանց վստահությունն է, որ իշխանությունը գիտի՝ ինչ է անում ու ինչպես է անում: Անհատների դերը հասարակության կյանքում շատ կարեւոր է, մեկ անգամ այս մասին հիշեցրել եմ, նորից ասեմ՝ եթե դու նույնիսկ Նապոլեոնն ես, հանգամանքների բերումով ստիպված ես տանուլ տալ Վաթերլոոյի ճակատամարտը, առավել եւս եթե Նապոլեոնը չես, հավակնությունների ու իրականության սահմանը չընդունել չես կարող:

– Համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, որ Կարեն Կարապետյանը գլխավորելու է ՀՀԿ խորհուրդը, իսկ նրա, այսպես ասած, թիմակիցները համալրելու են ՀՀԿ-ականների շարքերը:

– Իսկ ինչո՞ւ «այսպես ասած» թիմակիցները: Կառավարությունը իսկապես մի թիմ է, թիմ, որ գիտակցում է իր խնդիրն ու պատասխանատվությունը: Իսկ Ձեզ համար ի՞նչն է կարեւոր, որ կոնկրետ նախարարը իր կոնկրետ խնդիրը կարողանա արագ ու արդյունավետ լուծե՞լ, թե՞ կոնկրետ այդ նախարարը այդ խնդիրը լուծելիս գրպանում կուսակցական տոմս ունի՞, թե՞ չունի: ՀՀԿ խորհուրդը գլխավորում է ՀՀԿ նախագահը: Ինչո՞ւ եք ինտրիգներ որոնում այնտեղ, որտեղ կա ընդամենը աշխատանք: Կդառնան անկուսակցական նախարարները ՀՀԿ անդամ, թե չեն դառնա՝ իրենց որոշելիքն է:

 
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31