Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի շատ գյուղերում գազ կա, բայց դեռ փայտ են վառում

Հոկտեմբեր 08,2016 15:00

Այդ պատճառով էլ ինչքան անտառ են վերականգնում,
անտառածածկ տարածքները չեն ավելանում

Տարեցտարի անտառների պահպանման, վերականգնման աշխատանքները ավելանում են, մեծանում է պայքարը ապօրինի հատումների դեմ, բայց անտառամերձ գյուղերը դեռեւս շարունակում են «սնվել» անտառից: Ավելին` կան գյուղեր, որ թեեւ գազիֆիկացված են, բայց, այնուամենայնիվ, ձմռան ցրտին դիմակայում են վառելափայտի միջոցով:

Անտառամերձ Մարգահովիտ գյուղի բնակիչ 73-ամյա Ֆելիքս Սաֆարյանին ձմեռը «տաքուկ» անցկացնելու համար անհրաժեշտ է 6 խորանարդ մետր փայտ: 3 խորանարդի հարցը «լուծել» է, մնում է մյուս կեսը: «Առավոտ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ ապրում է կնոջ հետ, եւ կենսաթոշակն էլ կազմում է 28 հազար դրամ, որից 14 հազարը դեղորայք է գնում. «Էլ ո՞նց 11 հազար դրամ տամ փայտ առնեմ»: Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց գյուղացին ցավով է նշում, որ 1 լիտր կաթն արժե 100 դրամ, կես լիտր հանքային ջուրը` 170 դրամ, մի լիտր բենզինը արժե 420 դրամ, կաթը ավելի էժան է. «Բա մի լիտր բենզինով ո՞ւր գնամ, որ անասունի համար կեր բերեմ»: Ֆելիքս Սաֆարյանը կնոջ հետ 4 հատ կով է պահում, բայց իր ասելով՝ սպասում են ձմռանը. «Մեկին կամ երկուսին մորթեմ Նոր տարվա դեմը` «նիսյա» բաժանենք ժողովրդին»:

felix_safaryan

Ֆելիքս Սաֆարյան Ֆելիքս պապը ամեն առավոտ դուրս է գալիս փողոց, որ դպրոց գնացող երեխեքը բարեւ տան` թոռների կարոտը առնի:

Մարգահովիտի բնակիչը պատմեց, որ գարունն էլ բացվելուն պես սկսում են հողը մշակել, կարտոֆիլ, կաղամբ ցանել, բայց երբ հերթը հասնում է իրացմանը` դարձյալ խնդիր է առաջանում. «Քաղաքացին պետք է աշխատի, որ գրպանում փող լինի, որ կարողանա իմ արտադրանքն էլ առնի: Գյուղում ամբողջ օրը ման են գալիս վարկատուները, որ վարկ տան, էս ժողովուրդը որ վարկ վերցնի, ո՞նց փակի, ճիշտ է՝ անասնապահությամբ շատ են զբաղվում, բայց մսի իրացման խնդիր կա»: Գյուղում, ըստ Ֆելիքս պապի, հիմնականում մնացել են ծերերը. «Տղաները չեն ուզում ամուսնանալ` վախենում են, ինչով պահեն ընտանիքը, աղջիկներն էլ ի՞նչ անեն, քսվում, դզվում են, դուրս են գալիս փողոց, բայց էլի տանն են մնում, դրա համար մի մասը փախնում գյուղից գնում ա»:

4-1-2

Մարգահովիտից «փախել» են նաեւ Ֆելիքս պապի երեխաները` Ռուսաստան են գնացել. «Տղաս Արցախյան պատերազմի մասնակից է, բայց ընտանիքը չկարողացավ պահել` գնաց: 4 թոռ ունեմ` 13 տարվա մեջ մի անգամ եմ տեսել, հիմա կինս պետք է գնա, որ տեսնի: Ամեն առավոտ դուրս եմ գալիս փողոց, որ դպրոց գնացող երեխեքը բարեւ տան ինձ, թոռներիս կարոտը առնեմ: Նրանք չեն գալ դեսը, մենք էլ չենք կարալ գնանք, էդպես էլ կյանքը հատավ: Բոլորը թողնում փախնում են, ստեղ մնացել ենք մեռել թաղողներով: 5000 բնակիչ է ունեցել մեր գյուղը, էսօր մեր գյուղի նման հարյուրավոր գյուղեր դատարկվում են»: Նա էլ ամուր կառչելով հայրենի հողին՝ չի ցանկանում տեղափոխվել երեխաների եւ թոռների մոտ. «Ես իմ հայրենի հողը չեմ բրախի, ես իմ գերեզմանները չեմ թողնի գնամ»:

4-1-3

Արեն Աղաբաբյան

Մարգահովիտի համայնքապետ Սամվել Անանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղից գնում են ապրելու, հացի խնդիր լուծելու, կենցաղային նորմալ պայմաններ ապահովելու համար: Նվազել է նաեւ դպրոց հաճախող երեխաների թիվը, որի պատճառը համայնքապետը համարում է ավելացող արտագաղթը եւ ծնելիության անկումը:
Անտառային ոլորտի կառավարումը Հայաստանում եւ Վրաստանում, անտառամերձ բնակչության կախվածությունը անտառից եւ առաջնահերթ ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ իրականացնել այս երկու երկրներում անտառների վիճակը բարելավելու համար՝ այն հարցերն էին, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ENPI EAST FLEG II ծրագրի շրջանակներում հայ եւ վրացի լրագրողների համար կազմակերպել էր Հայաստանի եւ Վրաստանի անտառների վերաբերյալ վարպետության դաս եւ մեդիա տուր: Ֆելիքս Սաֆարյանին էլ հանդիպեցինք հենց այդ շրջայցի ժամանակ:

4-1-4

Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Անտառաշեն համայնքը, որը գազիֆիկացված չէ, ավելի աղետալի իրավիճակում է գտնվում. «Բայց այն գյուղերում, որտեղ գազ կա, շատերի համար թանկ է այն, եւ աշխատում են հնարավորինս քիչ գազ օգտագործել»: Նա վստահեցրեց, նաեւ, որ իրենց անտառտնտեսությունում զգալիորեն նվազել են ապօրինի ծառահատման դեպքերը: Լրագրողական խմբին ցուցադրվեց, թե ինչպես են կատարվում անտառնոսրացման աշխատանքները, որտեղ հատվում են խիտ աճած, իրար խանգարող ծառերից` մյուսի աճը բարելավելու նպատակով:

chxeidze

Եզեկել Ինցկիռվելի-Չխեիձե

Քվեմո Քարթլիի անտառծառայության ղեկավար Եզեկել Ինցկիռվելի-Չխեիձեն էլ ներկայացրեց, թե Վրաստանում ինչպես են կատարում ծառահատումները` առանձնացնելով, որ նրանց աշխատողները ե՛ւ հագուստով, ե՛ւ տեխնիկապես ապահովված են, ունեն զենք, մեքենաներ եւ աշխատավարձերն էլ սկսվում են 250 դոլարից: Նրա խոսքով` այնտեղ վառելափայտը այնքան էժան է՝ մոտ 3 դոլար, որ ապօրինի հատումների կարիք չի լինում, եւ անտառամերձ համայնքների համար էլ խնդիր չէ ձմեռվա վառելափայտ գնելը: Համեմատելու համար նշենք, որ հայաստանյան անտառապահները նույնիսկ ինքնապաշտպանության համար զենք չունեն, ոչ էլ արտահագուստ ունեն, իսկ աշխատավարձն էլ ցածր է` 70-75 հազար դրամ:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք մեկ սեզոնի ընթացքում օգտագործում է 10-15 խորանարդ մետր փայտ, իսկ տարեկան պահանջարկը կազմում է 500-650 խմ՝ հիմնականում ջեռուցման նպատակով: IUCN 2012-2016 ազգային խորհրդատու ՓԳԹ Անահիտ Մկրտչյանն էլ վարպետության դասընթացի ժամանակ ներկայացրեց, որ տարեկան բոլոր մարզերի միջինացված թվով տնային տնտեսությունների անտառից ստացված եկամտի 53 տոկոսը կազմում է վառելափայտը: Ըստ նրա` փայտի միջին գինը տարբեր մարզերում այլ է` Լոռիում մեկ խորանարդ մետրը արժե 7 հազար դրամ, Տավուշի, Սյունիքի մարզերում` 10 հազար: «Սառվող փտամթերքի 48 տոկոսը Հայաստանում վառելափայտն է, իսկ Վրաստանում` 30»:

4-1-6

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը ասաց, որ անտառվերականգնման աշխատանքները 2009 թվականից սկսած նվազագույնի են հասցվել, իսկ պաշտոնապես գրանցված ապօրինի անտառահատումների թիվը նվազել է` 2014 թվականին կազմելով 30 հազար խորանարդ մետր` 2000 թվականին գրանցված 75 հազարի դիմաց:

Նշենք նաեւ, որ ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին՝ Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

 
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31