Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկաների շարժական գույքն ինչո՞ւ է առգրավվում»

Հոկտեմբեր 08,2016 14:30

Հարցնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանը

– Սարի թաղի դեպքերի, ՊՊԾ գնդի հետ կապված հուլիսյան իրադարձությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ տարվեցին ոստիկանության բաժիններ, եւ շնորհիվ փաստաբանների, հանրային կարծիքի, նրանցից շատերը պահվեցին բաժնում ոչ ավելի, քան երեք ժամ: Ինչպիսի՞ն է պատկերը հիմա, մանավանդ, բավականին շատ բողոքներ եմ լսում փաստաբաններից այդ կապակցությամբ:

– Բացարձակապես ոչինչ չի փոխվել: Ես կարող եմ կոնկրետ դեպքեր մատնանշել, երբ քաղաքացուն առանց համապատասխան բերման որոշման, վերցնում են օպերատիվ աշխատակիցները, տանում ոստիկանության բաժիններ: Հայտարարում են, թե տանում են իքս-բաժին, բայց երբ մենք գնում ենք ասված բաժինը, պարզվում է՝ այդ բաժնում չի: Բարեկամները դիմում են փաստաբանին, փաստաբանը հայտնվում է այլ բաժիններում:
Խոսեմ ավելի տրիվիալ դեպքերի մասին, օրինակ, գողության դեպքերի հետ կապված, ոչ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործությունների: Կարծես ամեն բան արվում է քաղաքավարի: Հրավիրել են բաժին, ասում են, որ բաժին են հրավիրել, հետո քեզ քաղաքավարի ասում են, թե մարդը տվյալ բաժնում չէ կամ էլ, հետագայում պարզվում է, որ հենց այն բաժնի դռանը, որտեղ կանգնած ես եղել, անձն այնտեղ է:
Հասկանում ենք, օպերատիվ ծառայության բնույթից ելնելով՝ թաքցրել են: Սակայն նորմալ երեւույթ չէ այս կարգի անտեղյակությունը, դա այն երեւույթն է, որի մասին պետք է ահազանգել, տեղյակ պահել:

Կուզեի հայտարարել, որ այսու եթե իմ պաշտպանյալին չգտնեմ երեք ժամվա ընթացքում, դիմելու եմ հանցագործության մասին հաղորդմամբ, հայտարարելու եմ առեւանգելու մասին: Կարծում եմ՝ այս դեպքում դիմումը չեն թողնի առանց քննության: Եթե ես լինեի ոստիկանապետը՝ կհանձնարարեի օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով պաշտոնատար անձանց, գործով ներգրավված սպաներին, անձին բերման ենթարկելու ժամանակ, նրա հարազատներին տալ գրավոր ապացույց, որով կհաղորդվի, թե անձն ուր բերման ենթարկվեց եւ որ պաշտոնատար անձի հետ կարող են կապ հաստատել: Սա կլինի օրինական:

– Պարոն Մկրտչյան, Դուք մասնավոր զրույցի ժամանակ նաեւ բարձրաձայնեցիք բերման ենթարկվածների կարգավիճակին, նրանց գույքին տիրանալու դեպքերի մասին: Ի՞նչն է մտահոգիչ, համատարած, Ձեր իսկ բնորոշմամբ:

– Շատ հաճախ բաժին են բերման ենթարկվում մարդիկ, որոնք չեն էլ կասկածվում:
Նրանք ներգրավվում են որպես վկաներ: Ավելին, մինչեւ գործը քննիչին ըստ ենթակայության փոխանցելը, արդեն իրականացվում են առգրավման որոշումներ. առգրավվում են հեռախոսները, շարժական գույքը՝ մեքենաները, որոնք գտնվում են բերման ենթարկված անձի օրինական տիրապետման եւ սեփականության ներքո:
Աբսուրդ է, երբ անձը, որ դեռեւս կարգավիճակ չունի, ոստիկանությունը իրականացնում է առգրավում, հետո դա փոխանցում է վարույթն իրականացնող մարմնին: Շատ հաճախ առգրավված իրերը կապ չեն ունենում մեղսագրված հանցագործությունների հետ:
Քննիչը մեքենան որպես ի՞նչ առգրավեց: Հարցնում ես՝ որոշում կա՞, պարզվում է՝ հաճախ որոշում էլ չկա:

– Կա՞ նման օրինակ Ձեր գործերից:

– Աբովյանում քննվում է մի գործ՝ ՌԴ քաղաքացիների՝ վկաներ անցնող Վասիլի Ռվաշովի, Ալեքսեյ Կլինկովի մասնակցությամբ: Առգրավվել է նրանց կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող մեքենան, եւ այդ ավտոմեքենայի վերաբերյալ որոշում չկա: Հետո քննչական գործողություն է կատարվել, մեքենան, որը չի առգրավվել, խուզարկվում է: Ինչ վիճակում է հայտնվել վարույթն իրականացնող քննիչը, երբ խուզարկվող մեքենայից հնարավոր է ինչ-որ բան հայտնաբերեր. ում պետք է մեղադրանք առաջադրեր, երբ ոստիկանության կողմից է մեքենան բերվել, ու չեն էլ վերցրել մի ստորագրություն, թե՝ վկա, քեզնից մեքենա ենք առգրավել:

Զավեշտալի է: Բողոքարկվելու է սույնը: Մեքենան դեռ ոստիկանությունում է, թեկուզ բոլոր օրինական հիմքերը կան՝ մեքենան տրամադրելու նրան: Չեմ հասկանում, ինչ մոլուցք է քաղաքացու ձեռքից վերցնել հեռախոսը, մեքենան:

Բջջային հեռախոսների առգրավվման իմաստն ընդհանրապես չեմ տեսնում:
Բերեցիր ոստիկանություն, վերջացրեցիր, հեռախոսը տուր: Ծայրահեղ դեպքում, լավ, քարտը վերցրու: Որպես վկա հարցաքննելուց հետո քննիչը հեռախոսը վերցնում է, ինչի՞ համար: Չի՞ կարող այլ քարտով մեկ այլ հեռախոս քաղաքացին օգտագործել: Սեփականության իրավունքով պատկանող գույքը վերցնել չի կարելի:
Եթե անձի նկատմամբ սանկցիա է կիրառված, վերծանումներ են հանվում, դա հասկանալի է, բայց վկայից հեռախոսն առգրավելն անհասկանալի է:

– Մենք դատարաններում հաճախ ենք ականատես դառնում, երբ վկան դիմում է դատավորին, իրենից առգրավված գույքը վերադարձնելու համար:

– ՌԴ քաղաքացիներն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը թողեցին ոստիկանությունում չառգրավված, բայց որի մեջ խուզարկություն է իրականացվել:
Ականատես եղանք մի բանի, որ անձի՝ Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող սեփականության իրավունքով տիրապետման տակ գտնվողի իրավունքը խախտվեց:

– Մեզանում բավական շատ է խոսվում նաեւ գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի անարդյունավետ կիրառման մասին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Մենք, ըստ էության, քննիչ-փաստաբան հարաբերություններում կարծես չունենք ընդգծված պրոբլեմներ: Սակայն իրավակիրառական պրակտիկայում բավական լուրջ պրոբլեմներ կան:

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը մի անգամ ասաց, թե երբ սանկցիայի որոշումների կայացումը թողնվեց դատարաններին, դա նրա համար արվեց, որ նախկին դատախազության քննիչների միջնորդությունների 65 տոկոսն էր բավարարվում: Հիմա 96 տոկոսն է բավարարվում: Զավեշտը հասել է նրան, որ գողության հետ կապված՝ մեղադրանք առաջադրված անձի համար, որը մեղադրվում է երկու միլիոն դրամի չափի գողության համար, միջնորդեցի կիրառել գրավ՝ երեք միլիոն դրամի չափով:
Դատարանը մերժեց: Նույն դատարանները մոռանում են, որ երբ անձին կալանավորում են, անձին կալանքի տակ պահելու յուրաքանչյուր ամիսը 186 000 դրամ է նստում հարկատուներիս վրա: Ինչի պիտի հարկատուն 186 000 դրամ վճարի մի անձի համար, որը հայտնի չէ՝ դեռ դատարանի վճռով մեղավոր կճանաչվի, թե ոչ, որը նաեւ իրեն մեղավոր չի ճանաչում: Բյուջեի գումարը մսխվում է միայն նրա համար, որ մարդը կասկածվում է մի հանցագործության մեջ, որի կատարումը չի էլ ընդունել: Եթե երեք միլիոն գրավ է տալիս, դա նշանակում է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում, պատճառված վնասի կրկնակին արդեն վճարել է, ի վիճակի է հատուցել վնասը: Կարեւոր է, որ արդար դատաքննության ընթացքում ապահովվի ոչ միայն դատաքննությունը, ինքնին որպես նպատակ, այլ տուժողների իրավունքների հատուցումն ու հարկատուների շահը:
Չի կարելի մտածել միայն անձին բռնելու, փակելու մասին: Կարելի է Վրաստանի օրինակը տեղայնացնել. վնասը հատուցվելու դեպքում ապաքրեականացվի, մարդուն հնարավորություն տրվի խուսափել պատասխանատվությունից: Օրենսդիրը կարող է մտածել, ի վերջո, եթե հանցագործությունն ուղղված է սեփականության դեմ, արժե՞, արդյոք, հարկատուների գումարները ծախսել մեկուսարաններում պահելու համար, նախաքննության ժամանակ էլ հնարավորություն տալ տուժողների իրավունքները վերականգնելու, երբ կասկածյալներն ի վիճակի են վճարելու: Ես սա ասում եմ, որպես սովորական հարկ վճարող:

Ես ուզում եմ, որ մեր երկրի հարկերը ուղղվեն ոչ թե կասկածյալներին կամ դատապարտյալներին կալանավայրերում պահելուն, այլ մեր պապիկ-տատիկների թոշակներն ավելացնելուն:

Ակնկալում եմ, որ բերման որոշումները կլինեն ավելի գրագետ, անձին ավելի չեն պահի ոստիկանության բաժնում, հայտնի կլինի նրա գտնվելու վայրը, քննչական վարույթն իրականացնողները վկասների գույքն անիմաստ չեն առգրավի:

-Պարոն Մկրտչյան, անդրադառնանք նաեւ Անկախության հռչակման 25 -ամյակին նվիրված համաներմանը: Շրջանառվող տեղեկություններով՝ այն կտարածվի մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Մինչդեռ կան երկարատեւ պատժաչափ ունեցողներ, որոնց գործերին ծանոթանալու դեպքում կարելի է մտածել նրանց նկատմամբ կիրառելու մասին էլ:

-Կարծում եմ, շատ իրավապաշտպաններ համաձայն կլինեն իմ այս մտահոգությանը:
Համաներման տեքստի հետ առաջարկները դեռ շարունակվում են, քննարկվում են: Ես կխնդրեի, որ հանրապետության նախագահը համարի ասվածը նաեւ շարքային քաղաքացու խնդրանք: Համաներում բառն իր մեջ ներառում է ոչ ընտրովի մոտեցում: Երբ Հռոմի պապը Հայաստանում էր, ներում ընկալումը ժողովրդի մոտ փոխվեց: Ինչ էր նշանակում ներողամիտ, բարի լինել: Համաներումները, որոնք եղել են, ես չեմ հիշում մի դեպք, երբ տասը տարուց ավելի ազատազրկվածի նկատմամբ տարածվի, կամ գոնե մի օր կրճատվի նրա պատժաչափից: Կխնդրեի, որ այս անգամ գոնե նախագահը չլսի մեր իրավաբաններին: Թող համաներումը լինի Հռոմի պապի գալու խորհրդին համահունչ. ներելը պետք է լինի բոլորի համար, ոչ թե ընտրովի: Ցանկալի կլիներ, որ անգամ մեծ պատժաչափերի դատապարտված անձանց վրա թեկուզ աննշան կերպով ազդեր համաներումը, նույնիսկ՝ ցմահ ազատազրկվածների վրա: Մարդն ինչ-որ կերպ խրախուսվեր. հանձնուք հանձնվելուց սկսած՝ տեսակցության ձեւով: Հասկանա, որ ինքը մարդ է, եւ կալանավայրում գտնվող մարդու հույսը, հավատը կորած չի, երբ ինքը ստացել է բարձր եւ ավելի տարիների պատժաչափ:

 
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31