Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդը ՄԻԱՎ վարակակիր էր, տեգրը հարսին էր կասկածում»

Հոկտեմբեր 08,2016 14:00

Մաշկավեներաբան Գեւորգ Շաքարյանը՝
հիվանդությունների եւ հայկական մենտալիտետի մասին

Վերջին տարիներին Հայաստանում մաշկային հիվանդություններն ունեն մեծ տարածում: «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գեւորգ Շաքարյանը: Դրանք հիմնականում աուտոիմուն հիվանդություններ են, միկրոբային ինֆեկցիաները, քոսը: Բժշկի ձեւակերպմամբ, եթե, օրինակ, սնկային հիվանդությունները շատ հեշտ բուժվում են, ապա քրոնիկ եւ աուտոիմուն հիվանդություններն ունեն երկարատեւ բուժման կարիք եւ հնարավոր է՝ անընդհատ կրկնվեն: Պատճառը պետք է փնտրել մարդկանց սոցիալական ծանր վիճակի, էկոլոգիական գործոնների ու սննդի մեջ:

Մաշկավեներաբանն ընդգծում է, որ տարածված մաշկային հիվանդությունների թվում մեծ տոկոս են կազմում նրանք, որոնք պայմանավորված են աղեստամոքսային տրակտի տարբեր պաթոլոգիաներով:

Հետաքրքրվեցինք՝ կա՞ վիճակագրություն, թե հատկապես ո՞ր տարիքային խմբի մոտ է մաշկային հիվանդությունների ծավալը մեծ:

Գեւորգ Շաքարյանը պատասխանեց, որ եթե առաջ նորածինների կամ ընդհանրապես փոքր տարիքի երեխաների մոտ շատ քիչ էին հանդիպում նման հիվանդություններ, ապա այսօր դրանք պատահում են ինչպես նորածինների, այնպես էլ ծերերի մոտ: «Շատ լուրջ մաշկային հիվանդություններ, ինչպես փսորիասն է, բշտախտները, կարող են ամեն տարիքում էլ հանդիպել: Իմ ուսանողության տարիներին շատ հազվադեպ կարող էինք հանդիպել մաշկային հիվանդության, որն ուղեկցվում է այլ մաշկային հիվանդություններով, հիմա այնպիսի դեպքերի ենք հանդիպում, որ մեկ մարդու մոտ կարող են մի քանի տեսակի մաշկային հիվանդություններ լինել, ինչը շատ ցավալի է»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ Հայաստանում հանդիպում են բոլոր այն հիվանդությունները, որոնք տարածված են ողջ աշխարհում, ու այսպես կոչված՝ տիպիկ «հայաստանյան» մաշկային հիվանդություններ չկան, չկան նաեւ այլ երկրներից բերված հիվանդություններ: Ինչ վերաբերում է վեներական հիվանդություններին, բժշկի խոսքերով, քիչ չեն դեպքերը, երբ ամուսինները արտագնա աշխատանքից վերադառնալով՝ վարակում են իրենց կանանց:

Խոսելով իրենց մոտ բացված մանկական բաժանմունքից, մասնագետը նշեց, որ ճիշտ չէ երեխաներին մեծահասակների հետ միասին նույն հիվանդասենյակում պառկեցնելը, դրա համար էլ ներքին միջոցներով այդ բաժանմունքն են ստեղծել:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ բժշկական գաղտնիքին եւ էթիկային, մի բան, որ երբեմն Հայաստանում ոտնահարվում է: Գեւորգ Շաքարյանը նշեց, որ իրենք ունեն անոնիմ կաբինետ, ու այն մարդիկ, որ չեն ցանկանում՝ իրենց անուն-ազգանունը երեւա, առանձին մուտքով են ներս մտնում, անանուն ախտորոշվում են, համարակալվում, լաբորատորիայում էլ նրանց դեմքը չեն տեսնում:

Բժիշկը խոսեց նաեւ հայկական ընտանիքների առանձնահատկությունների (հարս-սկեսուր, ամուսիններ) մասին, ասաց, որ հաճախ են տպավորիչ դրվագներ լինում:
«Վերջերս մի լուրջ դեպք գրանցվեց: Մի հիվանդ ընդունեցինք՝ ծանր վիճակում՝ արտահայտված քոր ուներ, ցանավորում եւ այլն: Եզրակացությունը քորպտիկ էր, ուղեկցվում է դաժան քորով, տարբեր տեսակի արտահայտումներով: Նորմալ բուժում էր ընդունում, բայց դրական տեղաշարժ չէր նկատվում: Երիտասարդ տղամարդ էր, մոտ՝ 37 տարեկան: Որոշում կայացվեց, որ ստուգվեն բոլոր սեռավարակները: Երկրորդ-երրորդ օրը պարզեցինք, որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է ու որոշեցինք հայտնել բարեկամներին, որովհետեւ իրավիճակից ելնելով՝ չէինք ցանկանում իրեն սթրեսի ենթարկել: Եղբորը շատ նուրբ ներկայացրի վիճակը: Ասացի, որ պետք է ՄԻԱՎ կենտրոնի հետ համագործակցաբար բուժում ստանա: Իրենք գոհ հեռացան: Հաջորդ օրը եկան ամբողջ ցեղով ու գերդաստանով: Բերել էին նաեւ այդ տղայի կնոջը, որ իմ ներկայությամբ հայտնեն խնդրի մասին: Մեկ էլ էդ տղայի եղբայրը փոխանակ մթնոլորտը թեթեւացնելու, ասաց՝ թե բժիշկ ջան, մեր հարսը մի 6 ամիս առաջ գնացել է Կրասնոդար՝ ծնողների մոտ, հնարավո՞ր է՝ ինքն է մեր ախպորը վարակել: Եվ սա այն պարագայում, երբ կինը դեռ չէր ստուգվել: Մեր մենտալիտետում դա «մտած» է, միանգամից վերցնում ու շիկացնում են, ասում են՝ մեր տղան մեղավոր չէ, իմանայինք՝ նման հարս չէինք բերի…Ամեն դեպքում, փորձում ենք այնպես անել, որ ընտանիքները չքայքայվեն»,- ասաց բժիշկը:
Զրույցի վերցում նա նշեց, որ մի շարք սեռավարակներ կամաց-կամաց վերանում են. «Եթե մի 10 տարի առաջվա նույն սիֆիլիսը եւ գոնորեան տարածված էին, հիմա շատ հազվադեպ են հանդիպում՝ շնորհիվ բժիշկների, մամուլի, գրագետ քարոզչության, տարբեր ակցիաների: Հիմա կարող է տարվա մեջ 2-3 դեպք հանդիպենք, մինչդեռ նախկինում ամիսը 50 դեպք էինք հանդիպում»:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ dermasti.am-ից:

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Երկրորդ-երրորդ օրը պարզեցինք, որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է ու որոշեցինք հայտնել բարեկամներին, որովհետեւ իրավիճակից ելնելով՝ չէինք ցանկանում իրեն սթրեսի ենթարկել
    ???????????????????????????
    Չեմ ջոգում՝ էս բժիշկա թե գերդաաստանագետ:
    Ինչ իրավունք ունես դու հայտնել այլ անձի բժշկական գազտնիքը????????????
    այ քեզ բան:
    Յանի իրան սթրեսի չենթարկես???????
    իսկ ինչա մեկ ա չես ասելու?.??????????կամ ասենք եզբորը ասիր- ինչ ա փոխվելու:
    Ուրիշին մեղադրում ես անգրագիտույան մեջ-ոտից գլուխ էթիկայի խախտում ես:
    Առողջապահության նախարարը շուտափույթ պիտի սկսի բժշկակն-վարչական էթիկական վարույթ պատասխանատվության ենթարկու ու անգրագետ բժշիկների լիցենզիայից զրկելու համար:
    Հուսով եմ իրանց աշխատողները նույն պես կարդում են էս հոդվածը:
    այ քեզ անմարդկային անգրագետ մոտեցում- մոարդու կյանքի վերաբերյալ ու էն էլ բժիշկը?????????
    ՄԻ ՎՆԱՍԻՐ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31