Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ազգաբնակչությանը վարակել առողջ ապրելակերպով

Հոկտեմբեր 08,2016 13:30

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարար Հրաչյա Ռոստոմյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ ակնկալություն հայտնեց, որ նախարարությունը ժողովրդին, հատկապես գյուղական համայնքների, կվարակի առողջ ապրելակերպով: Վարչապետը նաեւ հատուկ ընդգծեց, որ վարակ բառը գիտակցաբար է արտահայտում, որովհետեւ վարակն արագ է տարածվում:

Միանգամայն ճիշտ առաջարկ-հանձնարարական է, քանի որ առողջ մարդը երկրի թիվ մեկ հարստությունն է:

Բայց ինչպե՞ս դա իրականացնել: Դրա համար առաջին հերթին համապատասխան պայմաններ են անհրաժեշտ. շատ թե քիչ հարմարավետ մարզադաշտեր ու մարզադահլիճներ, խաղահրապարակներ, վազաքուղյակներ, լողավազաններ, ի վերջո նաեւ՝ բակեր ու մարզագույք: Կարելի է այդ գործին ծառայեցնել նաեւ հանրակրթական դպրոցամերձ խաղահրապարակները, ֆիզկուլտուրայի դահլիճները եւ մարզադպրոցները՝ իրենց գույքով: Մեր տեղեկություններով, հանրապետության ամբողջ տարածքում գործող 176 մարզադպրոցներից միայն 25-ն է նախարարության ենթակայության տակ:
Առաջին հայացքից, մարզակառույցների ամբողջ ներկապնակը մասսայական սպորտին եւ առողջ ապրելակերպին ծառայեցնելն այնքան էլ դժվար չի թվում, եթե ցանկություն ու մտահոգություն լինի: Բայց արի ու տես, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան:
Մարզակառույցների ու մարզաբազաների մեծ մասը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների ու տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո ու որպես կանոն՝ ֆիզիկապես մաշված է: Որպես առաջին քայլ՝ դրանք կարգի բերել է հարկավոր, որպեսզի մարդիկ օգտվելու հնարավորություն եւ ցանկություն ունենան: Բայց շատ քիչ մարզեր, համայնքներ, գերատեսչություններ կան, որոնց այս հարցը հետաքրքրում կամ հուզում է: Քանի՞ մարզ կամ համայնք կարելի է գտնել, իսկ դրանք բյուջե ունեն, որոնք կանոնավոր կերպով մասնահանումներ են անում այդ կառույցները կարգի բերելու համար:

Խոսքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու մասին չէ, որը հսկայական ծախսերի հետ է կապված, այլ գոնե ընթացիկ թեթեւ նորոգումների: Միանշանակ՝ քիչ: Դրա փոխարեն մարզպետարանների, համայնքների ղեկավարների, գյուղապետերի աշխատասենյակները հաճախակի հիմնանորոգելու համար միջոցներ միշտ էլ գտնվում են: Ո՞վ պետք է իր բնակիչների առողջության պահպանման հարցերով զբաղվի, եթե ոչ մարզպետարանը, համայնքը: Թե՞ սպասում են, որ մի օր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը իրենց տարածաշրջան էլ կգա ու իրենց փոխարեն անձնական միջոցներով բոլոր հարցերը կլուծի:

tpagir-aravot-7-1-2

Կամ՝ հանրակրթական դպրոցները: Մասնագիտության բերումով ժամանակ առ ժամանակ մասնակցել եմ համայնքներում գործող դպրոցներ կազմակերպված սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շրջայցերին: Ֆիզկուլտուրայի դահլիճների եւ դպրոցամերձ խաղահրապարակների համատարած ավերակ կամ կիսաքանդ վիճակ է: Իհարկե, կան նաեւ դպրոցներ, որտեղ ֆիզկուլտուրա առարկայի դրվածքն առաջնային պլանում է, դրա համար էլ դահլիճներն են հիանալի վիճակում, առարկայի դասավանդումն էլ համեմատաբար պատշաճ հիմքերի վրա է դրված: Բայց այդպիսի դպրոցները հատուկենտ են ընդհանուր ֆոնի վրա: Անմխիթար դպրոցների տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներն իրենք են տրտնջում, որ դահլիճները նորոգելու, գույք ձեռք բերելու համար գումարներ չեն հատկացվում, իսկ այն մի քանի աննշան բաները արվել են սեփական նախաձեռնությամբ ու հնարավորությունների սահմաններում:

Այդ շրջայցերի ընթացքում միշտ հարց է առաջացել. Հայաստանում կա՞ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման պետական ծրագիր, որի կատարումը պարտադիր է բոլորի համար: Տպավորությունն այնպիսին է, որ չկա: Ամեն մի ուսուցիչ դասն անցկացնում է (եթե դա դաս կարելի է համարել) այնպես, ինչպես կարողանում է, ավելի ճիշտ, ինչպես իրեն հարմար է: Արտադասարանական խմբակներ, պարապմունքներ հասկացությունները գյուղական դպրոցներում գոյություն չունեն: Դրա փոխարեն, նույնիսկ ամենաանմխիթար վիճակում գտնվող գրեթե բոլոր դպրոցներում դասերից դուրս արեւելյան մարտարվեստների, այսպես կոչված, վճարովի խմբեր են գործում: Ովքե՞ր են այդ «սենսեյ» կոչվածները, որտեղի՞ց են դրանք եկել ու վխտում Հայաստանի դպրոցներում եւ արդյո՞ք նրանք մանուկներին «մարզելու» իրավունք ունեն: Ո՞ւր են գնում աշակերտների՝ առանց այդ էլ վարկերի ու պարտքերի մեջ «թաղված» ծնողներից հավաքած գումարները: Համենայնդեպս, ոչ դպրոցի բյուջե: Շրջայցերի ժամանակ ոչ մի տնօրեն կամ ուսուցիչ չասաց, թե դրանց հաշվին դպրոցի համար գոնե երկու գնդակ է գնվել:

Այս խնդիրներն էլ, մեր կարծիքով, ԿԳ նախարարության բացթողումներն են:
Մարդկանց առողջ ապրելակերպով վարակելու համար, կարծում ենք, առաջին հերթին պետք է մարզպետարաններից, համայնքներից ու գերատեսչություններից պատշաճ ուշադրություն, մոտեցում եւ խիստ պատասխանատվություն պահանջել, որպեսզի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էլ իր գործառույթների շրջանում նրանց հետ միասին հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման եւ մարզիկների պատրաստման մեթոդական ղեկավարում իրականացնի:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31