Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնական գույներ՝ գումարած հայկական ոգի

Հոկտեմբեր 08,2016 13:00

Հայ-ճապոնական «Էյբիք» կազմակերպության նախաձեռնությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օրերս կայացավ «Մարդը՝ բնության մի մասնիկ» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին Աշոտ Հարությունյանի, Հասմիկ Ավետիսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Այակո Ֆուջիմոտոյի, Նորիկո Թաքահաշիի, Միձուե Թաքուջիի եւ այլ արվեստագետների աշխատանքները:

«Գինձա Ի Չոմե» պատկերասրահի տնօրեն Մակի Միկիկոն, համագործակցության շրջանակներում, արդեն տասը տարի է` այցելում է Հայաստան. «Նմանությունները հայ-ճապոնական արվեստում, մշակույթում, ըստ իս, շատ են: Հայաստանում ավանդույթների պահպանումն եմ շատ հավանում, մարդիկ չեն մոռանում իրենց անցյալը, ինչը չափազանց գովելի է»,- ասում է Մակի Միկիկոն:

chapon5 chapon4

Առաջին սրահում ցուցադրված նկարներն արվել են Հայաստանում` 4-5 օրվա ընթացքում: Երկրորդ սրահում հայ եւ ճապոնացի նկարիչների նախկինում արված նկարներն են: Ճապոնացի նկարչուհի Այակո Ֆուջիմոտոն ցուցահանդեսին ներկայացել էր իրենց ազգային հագուստով, որի վրա էլ իր գործերից էր հավերժացրել: Նա հասցրել է ծանոթանալ հայ նկարիչների հետ, այցելել նրանց արվեստանոցները: Տպավորված էր հայ արվեստագետների աշխատանքներով, մտածելակերպով եւ նկարներում արտացոլած թեմաներով. «Նկարներումս գերակշռում է կարմիր գույնը, ինչը ասոցացնում եմ էներգիայի հետ, նպատակս այդ կերպ մարդկանց ուժ եւ նոր բան ստեղծելու ցանկություն հաղորդելն է»:

Աշոտ Հարությունյանը (Աշշոտ), որը բացի նկարչությունից, զբաղվում է նաեւ քանդակագործությամբ, նշում է` նախորդ հայ-ճապոնական ցուցադրություններին ներկայացել է աբստրակտ քանդակներով, բայց այս անգամ նկարներ է ցուցադրել. «Արվեստը ամբողջովին ոգեշնչում է, դու կամ նրա մեջ ես, կամ` ոչ: Արվեստի մեջ լինելով` միշտ էլ կարող ես ոգեշնչվել եւ շարունակել, իսկ եթե ուղղակի նկարչի կրթություն ես ստացել, դա այլ բան է, դա մասնագիտություն է: Արվեստը, արվեստագետ լինելն ապրելակերպ է»: Ցուցադրությանը ներկայացված գործերի հայ հեղինակներն այս ընթացքում շրջել են ճապոնացի գործընկերների հետ: «Ճապոնացի արվեստագետների հետ ընդհանուր շփումը շատ հետաքրքիր էր. բացի թարգմանիչների միջոցով շփումից, մենք ինչ-որ ձեւեր գտնում էինք միմյանց հասկանալու, փորձում էինք հայերեն բառեր սովորեցնել նրանց: Ճապոնացիները շատ զուսպ հոգեկերտվածք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց նկարչուհի Հասմիկ Ավետիսյանը:

chapon2 chapom3
Ըստ Ճապոնիայի դեսպանության հետ պայմանավորվածության` եկող տարի Հայաստանում ճապոնացի գեղանկարիչների, քանդակագործների աշխատանքների եւս մեկ ցուցադրություն կկազմակերպվի. «Շարունակվում է այն ճանապարհը, որը կոչվում է հոգու, գեղագիտության ճանապարհ, եւ ես ողջունում եմ մեր արվեստագետներին ու Ճապոնիայից ժամանած մեր հյուրերին: Հուսով եմ` այս համագործակցությունը երկարատեւ կլինի»,- հավելեց Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը: Ցուցադրությունների նպատակը հայերին ծանոթացնելն է Ճապոնիայի ժամանակակից արվեստին եւ, փոխադարձ կերպով, ճապոնացիներին՝ հայ ժամանակակից գեղանկարչությանը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ս. թ. հոկտեմբերի 7-ը:

chapon6
ՄԵՐԻ ԻՍԱՅԱՆ

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31