Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի հետ կիսվեք վախի ձեր փորձով, թե ինչպես դուք դադարեցիք վախենալ

Հոկտեմբեր 08,2016 12:30

Պետք չէ երեխայի վախը գերարժեւորել կամ արժեզրկել

Վախը հանդիսանում է այնպիսի մարդկային հույզ, ինչպիսին է տխրությունը, ուրախությունը, բավարարվածությունը: Ձեր երեխան վախենում է հրեշներից, հեքիաթային կերպարներից, մթությունից եւ միայնակ մնալո՞ւց: Որտե՞ղ է նորմայի եւ պաթոլոգիայի սահմանը, ինչի՞ց են առաջացել վախերը, ի՞նչն է հատկապես վախեցնում ձեր երեխային: Նմանատիպ հարցեր վաղ թե ուշ սկսում են տալ գրեթե բոլոր ծնողները: Հոգեբաններն անվանում են մանկական վախերը նորմալ դրսեւորումներ, որոնք ուղեկցում են երեխաների սոցիալիզացիային եւ զարգացմանը: Հեշտ չէ գտնել մարդկանց, ովքեր երբեք ոչ մի բանից չեն վախեցել:

Հոգեբան Մարիամ Մելքումյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մանկական վախերից որոշները տարիքի ընթացքում անհետանում են, սակայն որոշները ծնողների սխալ վարքի հետեւանքով մանկությունից անցնում են հասուն կյանք եւ հետագայում ստեղծում խնդիրներ. «Վախը իրական կամ երեւակայական վտանգի հանդեպ ռեակցիան է: Երեխաների մոտ վախը դրսեւորվում է ճանաչողական գործունեության ընթացքում: Երեխան իր կյանքի սկզբում չի կարողանում տրամաբանական դատողություններ անել, դրա համար էլ հավատում է ծնողների խոսքերին եւ իր վրա է տեղափոխում նրանց վերաբերմունքը: Վախի հիմնական պատճառներից են ծնողների ռեակցիաները եւ վախերը: Զարմանալի չէ, որ երեխաների վախերի դրսեւորման պատճառը հանդիսանում են հենց նրան խնամողները, ովքեր չափից շատ հուզական են արձագանքում որոշ վտանգների՝ «ձեռք մի տուր, կայրվես», «մի վազիր, այլապես կընկնես», կամ էլ փորձում են երեխային վախեցնել այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են՝ «եթե քեզ վատ պահես, դեւը քեզ կտանի» եւ այլն»:

mankakan-vaxer8-2

Հոգեբանը նշեց, որ մեծամասամբ երեխաներին վախեցնում է ոչ թե հենց վտանգի օբյեկտը, այլ մեծահասակների սուր ռեակցիաները, երեխաներին է անցնում մայրերի լարված եւ անհանգիստ ձայնը. «Կարող ենք ասել, որ մանկական վախերից ամենատարածվածներն են ներշնչած վախերը: Երբեմն երեխայի շրջապատը շատ սուր, շատ հուզական է երեխային տեղեկացնում հնարավոր վախի մասին: Վախերի պատճառ կարող են լինել նաեւ հարաբերությունները հասակակիցների հետ: Ինչպես նաեւ՝ երեխաների շրջապատում տարածված վախերը: Օրինակ, ավելի մեծ երեխան կարող է վախեցնել փոքրերին զանազան սարսափելի պատմություններով եւ կերպարներով»:
Ըստ հոգեբանի, որոշ վախեր անմիջականորեն կապված են տարիքային առանձնահատկությունների հետ: «Մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ այն արտահայտվում է բարձր ձայների ժամանակ անհանգստության տեսքով, ինչպես նաեւ մոր կամ խնամակալի բացակայությամբ: Երկուսից երեք տարեկանում երեխան կարող է վախենալ մթությունից եւ միայնակությունից: Երեքից չորս տարեկանի վախերը կապված են երեւակայության զարգացման հետ: Երեխան ինքն իսկ կարող է ինչ-որ հրեշ հորինել, իսկ հետո երկար ժամանակ վախենալ հրեշից եւ մտածել, որ սենյակում ինչ-որ տեղ թաքնված իրեն է հետեւում: Վեցից յոթ տարեկանում արդեն կարող է դրսեւորվել մահվան վախը, երեխան արդեն գիտակցում է, որ ինքը կամ իր հարազատները կարող են մահանալ»,- ասաց մասնագետը:

Նա նշեց, որ երեխային օգնելու համար կարեւոր է ճիշտ ժամանակին հասկանալ, թե ինչ վախեր ունի երեխան: Հոգեբանի կարելի է դիմել այն ժամանակ, երբ արդեն վախը խանգարում է երեխայի բնականոն կյանքին եւ պատճառում ամենօրյա անհանգստություններ: Հոգեբանի խոսքով` պետք չէ երեխայի վախը գերարժեւորել կամ արժեզրկել` փորձեք կիսվել նմանատիպ վախի ձեր փորձով, թե ինչպես դուք դադարեցիք վախենալ:

Շարունակելի

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31