«Մեծացել ենք, բավական փորձառություն ենք ձեռք բերել, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու երկրի համար կարեւոր լուրջ քաղաքական գործընթացներին: Հայաստանում բոլոր կարգի հասարակական, քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն ենք ունեցել: Երբեք քաղաքական ամբիցիաների զոհ չենք դարձել, մեզ համար միշտ կարեւորել ենք երկրի եւ պետության շահը, կանգնել ենք այն քաղաքական ուժերի կողքը, որոնք որ իրենց հասարակական ընկալմամբ առաջնային են եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ այդ կուսակցության 15-ամյակի միջոցառման ժամանակ:
Նրա խոսքով՝ նույնիսկ մի քանի տարի առաջ, քաղաքական գործընթացների ընթացքում այսպիսի գնահատական էր հնչում՝ «ոչ մեկը չի կարող իշխանությունը վերցնել առանց «Հանրապետություն» կուսակցության»:
«Ցավոք սրտի, տառապյալների կուսակցություն է՝ այն իմաստով, որ միայն Ստեփան Դեմիրճյանի ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունից մոտավորապես 467 մարդ կալանավորվեց»,- փաստեց պարոն Աբրահամյանը՝ ավելացնելով, որ դրանից հետո կարողացել են հաջորդ պահին «մեջքը ուղղել» եւ նորից մտնել այդ քաղաքական հորձանուտի մեջ:
Պարոն Աբրահամյանը հումորով եւ ընկերական վերաբերմունքով արտահայտվեց նոր կառավարության փոփոխությունների վերաբերյալ. «Նկատելի տարբերվում է նախկին կառավարությունից: Ներկա կառավարությունը բավականին սիրուն՝ բառիս բուն իմաստով, կառավարություն է: Թող ինձնից չնեղանան, բայց համեմատեք Կարեն Կարապետյանին եւ Հովիկ Աբրահամյանին, Արմեն Ամիրյանին՝ Հասմիկ Պողոսյանի հետ: Տարբերությունը նկատելի է»:
Կարդացեք նաև
Սուրեն Աբրահամյանը, որպես Սյունիքի նախկին մարզպետ՝ չցանկացավ որեւէ գնահատական եւ կարծիք հայտնել Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին, ասաց, որ ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ եւ ի վերջո Սուրիկ Խաչատրյանը «кащей бессмертный» չէ, մի օր էլ պետք է դա լիներ»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ