Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խնդիրներ չստեղծող կուսակցություն ենք եղել, մենք միշտ լուծել ենք խնդիրները». Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 07,2016 23:13

«21-րդ դարը մերն է լինելու» սպարապետ Վազգեն Սարգսյանի այս տեսլականով է առաջնորդվել «Հանրապետություն» կուսակցությունը արդեն 15 տարի: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Aravot.am-ի այն հարցին, թե այս տարիներին որքանով եք կարողացել հասնել այդ տեսլականին, պատասխանեց, որ Վազգեն Սարգսյանի ներկայությամբ բացարձակ ուրիշ Հայաստանում կապրեինք եւ այդ արտահայտությունը այլ կերպ կգնահատեինք.

«Ես մի անգամ ասել եմ՝ ես Վազգենը չեմ, այն ինչ որ Վազգենը կարող էր անել՝ իր անցած ճանապարհով, հեղինակությամբ, ուրիշը չկա, որ կարող էր իրականացնել: Փորձել եմ ուժերիս ներածին չափով, մի փոքր էլ ավելին Վազգենի այդ արտահայտությունը իրականություն դարձնել: Ես հավատում եմ, որ այն իրականություն է դառնալու, տեսնում եմ դրա հնարավորությունները: Ի վերջո, այս փոքր երկրում, այդքան հնարամիտ եւ սովորել, աշխատել սիրող ժողովրդի հետ 21-րդ դարը մերը դարձնելը այդքան էլ բարդ խնդիր չէ»:

Նոր կառավարության փոփոխությունների մասին պարոն Սարգսյանը ասաց, որ դրանք տեղի են ունենում անհատների շղթայում, որը ավելի շատ կարուսել է հիշեցնում: «Յուրաքանչյուր հաջորդն ասում է, որ նախորդի ժամանակ ճգնաժամ է եղել, նախորդն ասում է, որ ինքը հպարտանում է, որովհետեւ ձեռքբերումներ է ունեցել եւ աճ, բայց այս ամենի պատասխանատուն երկրի նախագահն է»:

Կուսակցության նախագահը այս փոփոխություններից որեւէ սպասելիք չունի, քանի որ, ըստ նրա, փոփոխությունները պետք են գլոբալ առումով, աշխարհաքաղաքական ընտրության առումով. «Մենք նախընտրում ենք եվրոպական կեցության կանոնները Հայաստանի համար, ի տարբերություն Հայաստանի իշխանության, որը եվրասիականության կողմնակից է»:

Մեր այն հարցին, թե որն է եղել կուսակցության 15 տարիների ձեռքբերումը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մենք խնդիրներ չստեղծող կուսակցություն ենք եղել, մենք միշտ լուծել ենք խնդիրները: Պահել ենք մեր կերպարը, հակառակ չենք գնացել մեր խղճին, երբեք որեւէ մեկին չենք դավաճանել, առավել եւս՝ ժողովրդին, ցանկացած գործընթացում ամենավերջինն ենք հեռացել, լինի դա ապրիլի 12-ը, թե մարտի 1-ը, որն էլ մեր ամենամեծ ձեռքբերումն է»:

Արամ Սարգսյանը նշեց, թե հասել է այն ժամանակը, որ պետք է փորձեն երկրում իրական եւ արմատական փոփոխությունների հասնել. «Իհարկե, այն շատ լուրջ խնդիր է եւ ներկա պայմաններում շատ բարդ, բայց դրա հնարավորությունը կա, եթե ամեն ինչ ճիշտ հաշվարկվի, ճիշտ ժամանակում եւ ճիշտ գործընկերների հետ»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31