Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դպրոցում բոլոր առարկաներից գերազանց գնահատական եմ ստացել». Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածու

Հոկտեմբեր 07,2016 22:55

Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը մտավախություն չունի, որ ԲՀԿ-ի, «Հայկական Վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության արդյունքում ինքը չի դառնա Վանաձորի քաղաքապետ:

Հիշեցնենք, որ նշված երեք քաղաքական ուժերը համաձայնության են եկել սատարելու «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին:

«Վանաձորցիների քվեն է,որ ինձ ուժ է տվել, եւ վանաձորցու քվեի հետեւորդն եմ, հետեւաբար, կարծում եմ՝ Վանաձորի ճակատագիրը կորոշի հենց վանաձորցու տված քվեն: Ես քաղաքական կանխագուշակություններով չեմ զբաղվում, որ ասեմ, թե ինչ արդյունքներ կգրանցեն երեք կուսակցությունները, որոնք սատարում են միեւնույն թեկնածուին»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ-ական թեկնածուն:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտարն է:

Անդրադառնալով Քրիստ Մարուքյանի՝ քաղաքապետ դառնալու շանսերին՝ պարոն Ասլանյանը պատասխանեց. «Ես զերծ կմնամ կանխակալ գնահատական տալուց…բայց եթե վանաձորցիները ուզենային, ձայն կտային Էդմոն եւ Քրիստ Մարուքյաններին, եւ իրենք ձայների առավելություն կունենային»:

ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուի խոսքով, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» եւ «Հայկական վերածնունդը»  Վանաձորում՝ որպես կուսակցություններ, մեծ ձայների պաշար չունեն, այլապես. «Վանաձորցին, եթե ամբողջովին ընդդիմադիր լիներ, ձայնը կտար, այսպես կոչված, ընդդիմադիրներին: Չեմ կարծում, որ վանաձորցու ձայնի արտացոլումն է ձեր ասած տասնութ մանդատը»:

Մեր հարցին, իսկ ինչի արտացոլումն է իր մատնանշած տասնութ մանդատը, պարոն Ասլանյանը պատասխանեց. «Չեմ ուզում պատասխանել»:

Մեր հարցին, «Լուսավոր Հայաստանին» հաջողվե՞ց Վանաձորում կասեցրել Հանրապետական կուսակցության հաղթանակը, ինչպես պնդում էր այդ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պարոն Ասլանյանը պատասխանեց. «Ես դպրոցում բոլոր առարկաներից գերազանց գնահատական եմ ստացել, եւ մաթեմատիկան ինձ համար խոսուն ու ճշգրիտ գիտություն է, հետեւաբար, որեւէ մեկի հայտարարությունը չի կարող փոխարինել թվերին: ՀՀԿ-ն Վանաձորում տոնել է հաղթանակ, արձանագրել է նման կարգի հաջողություն, հետեւաբար, այդ ցուցանիշներն ավելի ցայտուն են, մանավանդ շիտակ ու ազնիվ քվեն ավելի բարձր արժեք է քան ցանկացած ուժի վերադասավորում, հայտարարություն: Ես երբեք մտավախություններ չեմ ունենում, որովհետեւ աստվածավախ մարդ եմ: Ինչ վերաբերում է  քաղաքապետ լինել-չլինելուն, դա կյանքի նպատակ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31