Այսօր «Հանրապետություն» կուսակցությունը նշեց իր 15-ամյակը: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հյուրերին ողջույնի խոսքից զատ՝ ասաց, որ 7 ամսից մեզ սպասվում են ճակատագրական նշանակության համապետական ընտրություններ:
«Հանրապետությունը հիմա էլ իր անցած ճանապարհին եւ կերպարին հավատարիմ իրական ընդդիմադիր դաշտի համախմբման կողմնակից է: Մենք պատրաստ ենք համագործակցել այդ դաշտում գործող ցանկացած ուժի հետ, իսկ միեւնույն գաղափարական մոտեցումներ ունեցող քաղաքական կուսակցությունների եւ անհատների հետ՝ անգամ ձեւավորել դաշինքային հարաբերություններ, միասնական ցուցակով հանդես գալու լուրջ հանձնառությամբ եւ պատասխանատվությամբ»:
Հրավիրվածների մեջ չէին իշխանամետ կուսակցությունները, որի պատճառը Արամ Սարգսյանը Aravot.am-ին ասաց, որ քաղաքական հարաբերությունները ձեւավորվում են այն դեպքում, երբ երկրում կա քաղաքականություն, որոնց իմաստը եւ բովանդակությունը արդար ընտրություններ անցկացնելն է:
Կարդացեք նաև
«Այդ արդար պայքարում, երբ դու պարտվում ես՝ հրավիրում ես հաղթողին, ձեռքը սեղմում ես եւ ժողովրդին ասում ես՝ իմ այս-այս մոտեցումները չընդունեցիք, ընդունեցիք իրենը, դե իրենից էլ պահանջեք: Բայց երբ որ այդ ընտրություններում քեզ խաբում են, արհամարհում են, ժողովրդին կաշառում են, քո առաջ փակվում են զանգվածային լրատվամիջոցները, էդ մարդկանց կանչես, որ ի՞նչ ասես՝ ապրեք որ էդ եք անում, որ դուք է՞լ եք Հայաստանի մասին մտածում՝ մենք էլ»,-ասաց կուսակցության նախագահը:
Նրա խոսքերով՝ մենք մտածում ենք, որ այդ մարդիկ այն, ինչ որ անում են` ի վնաս Հայաստանի են անում, ի շահ իրենց եւ այդ պատճառով այդ մարդկանց հետ ընդհանուր ճանապարհ չունենք. «Գտնում ենք, որ այս դժբախտությունների պատճառը իրենք են, որ այսքան տնազուրկ եղած մարդիկ, որոնք դրսրում ընտանիք պահելու համար փող են աշխատում՝ իրենց պատճառով է եւ իրենց «վզին է» այդ ընտանիքների եւ այդ մարդկանց մեղքը: Մենք ընդհանուր բաներ չունենք, ոչ էլ հակված ենք իրենց հրավիրելու»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ