Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին

Հոկտեմբեր 07,2016 22:44

2016թ.  հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նոր կազմ՝ նախագահին և անդամներին, որը հենց գործող ԿԸՀ-ի կազմն է: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի տվյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ընտրական համակարգի բարեփոխման և առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության  ապահովման առումով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ԿԸՀ-ն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին և, այդպիսով, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների օրինականության համար:

ԿԸՀ-ի գործող և Ազգային ժողովի կողմից ընտրված (ըստ էության՝ վերանշանակված) կազմը, այդ թվում՝ նախագահը նշանակվել են ՀՀ  նախագահի կողմից 2011թ. ի վեր ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում տեղի են ունեցել 2012թ. Ազգային ժողովի, 2013թ. նախագահական, 2013թ. Երևանի ավագանու և հարյուրավոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչպես նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնց համապատասխանությունն ազատ և արդար ընտրությունների չափանիշներին վիճելի է:

2011-2016թթ. ընթացքում ԿԸՀ-ի գործող կազմը բազմիցս ձախողել է պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկողության՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի ապահովումն ու պաշտպանությունը: Մասնավորապես՝

2011թ.-ից ի վեր դիտորդական առաքելությունների կողմից դիտարկված ընտրատեղամասերում չի նկատվել տեղամասային և ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքի որակի էական բարելավում, ինչը նշանակում է, որ ԿԸՀ-ի կողմից անցկացված մասնագիտական դասընթացները բավարար արդյունավետ չեն եղել: Դրա վառ վկայություն են տեղամասային հանձնաժողովների կողմից գրանցամատյանների վարման և հանձնաժողովի հերթափոխի կարգի խախտումները, քարոզչանյութերի առկայությունը կամ կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում և միջամտությունը ընտրական գործընթացին, քվեարկության ընթացքում ընտրական օրենսգրքի խախտումները հաճախ չարձանագրելը և այդ կապակցությամբ անգործություն դրսևորելը, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման փուլում թույլ տրվող խախտումները և  սխալ արդյունքներով արձանագրությունների կազմումը: Հիշյալ դրսևորումները վկայում են կամ հանձնաժողովների մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակի, կամ դիտավորությամբ կատարվող կեղծիքների կամ անգործության մասին:

Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությունները, որպես կանոն, «սրբագրված» են տեղադրվում ԿԸՀ կայքում, ինչը թույլատրված չէ օրենքով: Այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 475 տեղամասերի արձանագրությունների քաղվածքների ուսումնասիրության արդյունքում դրանցից մոտ 440-ում հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ելակետային տվյալների բացակայությունը, թվաբանական անճշտությունները, հանձնաժողովի անդամների ստորագրությունների բացակայությունը, տեղամասի արձանագրության և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալների միջև անհամապատասխանությունը և այլն:

2013-2016թթ. ընտրությունների ընթացքում դիտորդների, դիտորդական կազմակերպությունների և ընտրական գործընթացների այլ մասնակիցների կողմից տեղամասային կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ բողոքներն արդյունավետ քննության չեն ենթարկվել, քանի որ ԿԸՀ-ն, հիմնականում, ձևական սխալների պատճառով դիմումների և/կամ բողոքների մերժման արգելքի անտեսմամբ, ինչպես նաև դիտորդների և ՀԿ-ների բողոքարկման սուբյեկտ չհանդիսանալու  պատճառաբանություններով մերժել է դիմումների հիման վրա վարչական վարույթների հարուցումը և բողոքների՝ ըստ էության և արդյունավետ քննությունը: Արդյունքում, բողոքարկման ինստիտուտը, հիմնականում ԿԸՀ-ի գործող կազմի որդեգրած աշխատաոճի պատճառով եղել է անարդյունավետ, իսկ ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի օրինականության ապահովման դրական պարտավորությունը մնացել է չկատարված: Հարկ է նշել նաև, որ ԿԸՀ-ն ներկայացված դիմումներով իրեն հայտնի դարձած փաստերով ի պաշտոնե սեփական նախաձեռնությամբ երբևէ վարույթ չի հարուցել՝ խախտելով օրենսդրական իր պարտականությունները:

ԿԸՀ-ն որպես ընտրական հանձնաժողովների նկատմամբ վերադաս մարմին երբևէ միջոցներ չի ձեռնարկել ստորադաս հանձնաժողովների կողմից կատարած խախտումներն արձանագրելու և դրանցում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը նախաձեռնելու ուղղությամբ:

ԿԸՀ-ում բացակայել են մասնագիտական քննարկումները և տեսակետների մրցակցությունը՝ չնայած ըստ օրենքի տարբեր մարմինների առաջադրմամբ հանձնաժողովի անդամները պետք է ապահովեին միմյանց հակակշռման և փոխադարձ զսպման հարցը: Բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն՝ առնվազն կասկածի տակ դնելով ԿԸՀ-ի գործող կազմի ինքնուրույնությունն ու անկախությունը:

Ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկման թերացումները, ինչպես նաև բողոքարկման անարդյունավետությունը բազմիցս և շարունակաբար մատնանշվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև քաղաքական կազմակերպությունների կողմից: Հենց դրանցով են պայմանավորված եղել ընտրակեղծարարության մասին շարունակական կասկածները և պնդումները, և հենց դրանք են եղել ընտրությունների միջոցով ձևավորվող մարմինների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնները:

Այս ձախողումների վրա աչք փակելն ու ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելն առնվազն նշանակում է, որ իշխանությունը և, մասնավորապես, կողմ քվեարկած կուսակցությունները կամ պատգամավորները գոհ են ԿԸՀ-ի աշխատանքից, և ժողովրդի վստահության և լեգիտիմության խնդիրը նրանց չի հուզում, ինչն, անշուշտ, նաև զարմանալի չէ ընտրությունների արդյունքների պարբերական և համակարգված կեղծման լույսի ներքո:

ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելը նաև նշանակում է, որ իշխանությունն անհանգիստ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր համար անցանկալի ելքով, և ընտրական օրենսգրքում ներմուծված մի շարք գործիքների, մասնավորապես՝ դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանը և համամասնական տարածքային ցուցակների կիրառմանը զուգահեռ փորձում է ամրապնդել իշխանության վերարտադրության անհրաժեշտ հենքը՝ ընտրական գործընթացներում իրեն բարեհաջող ծառայած ու հմտացած, ինչպես նաև իրեն ձեռնտու ԿԸՀ-ի կազմի միջոցով:

Ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության  բարձրացման համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, այդ թվում՝ և, որպես անկյունաքարային միջոց, ԿԸՀ-ի նոր կազմ, որը կլինի անկախ և ի վիճակի՝ կազմակերպելու օրինական ընտրություններ, ապահովելու ընտրական իրավունքի պատշաճ պաշտպանություն և արատավորված չի լինի ընտրակեղծարարությանը մասնակից լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներով:

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31