«Հայաստանի քաղաքական համակարգը այլեւս անադեկվատ է ցնցումներին»,- հոկտեմբերի 7-ին «Դեբատ» մամուլի ակումբում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Նա չի կարծում, որ պետք էր արտաքին եւ ներքին ցնցումներ տեղի ունենային, որպեսզի հասկանայինք, որ պետության մոդելի փոփոխությունը՝ որպես կառավարման համակարգ, պարտադիր է. «Նշանները, որոնք որ ստացվում են, դեռեւս բովանդակության մասին չեն, դեռեւս տեսքի, ձեւի մասին են, որի մասին մենք չենք կարող ասել՝ այս կառավարությունը արդյոք ունի այն ազատությունները կամ այն քաղաքական կամքը՝ պայքարելու մարտահրավերների դեմ, որոնք արդեն անհաղթահարելի են դառնում Հայաստանի եւ Արցախի համար:
Արդյոք այս կառավարությունը կարո՞ղ է կամ ուզո՞ւմ է վերացնել հիմնական խոչընդոտները, թե՞ ուղղակի պետք է ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ բերի: Հարցեր են, որոնց պատասխանը մենք չունենք, որոնց հետ կապված անվստահությունը ավելի շատ է հասարակության մեջ, քան հարցերի պատասխանները»:
Ստյոպա Սաֆարյանը ակնհայտ է համարում, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չի լինելու, ինչի մասին վկայում է նախարարի վերանշանակումը. «Ակնհայտ է, որ շատ զգուշավոր է մոտենում մենաշնորհների հարցին, ավելին՝ երբեմն փորձում է հիմնավորել, որ դրանք մարդկության կյանքի եւ պատմության մեջ անբաժանելի երեւույթներ են: Իսկ սրանք արդեն լավ ուղերձներ չեն, նշանակում է, որ հիմնական խնդիրներին ձեռք չեն տալու: Այո՛, կկրճատեն ԾԻԳ-եր, նախարարություններ, վարչություններ, բայց արդյոք Հայաստանի խոշորագույն խնդիրները սրանո՞վ լուծվում են, իմ կարծիքով՝ ո՛չ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ