Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը` Երևանի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ցուցահանդեսը ներառում է 19-21-րդ դդ. ստեղծագործած հայ նշանավոր արվեստագետների և մերօրյա ստեղծագործողների բազմաշերտ մշակութային արժեքները:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ մասնավոր հավաքածուներից բերված ու մեկտեղված այս ցուցադրությունը բարձր արվեստին մեկ վայրում հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն է:
« Հայ արվեստի խոշորագույն գործիչների նմանօրինակ ցուցադրությունները պատիվ կբերեին ցանկացած երկրի ու քաղաքի: Կրկնակի ուրախալի է, երբ ցուցահանդեսը բացվում է մշակութային ավանդույթներով հարուստ մեր մայրաքաղաքի ծննդյան տոնին ընդառաջ: Գոհունակությունս եմ ուզում հայտնել կազմակերպիչներին ու հատկանշել, որ այս օրերին բացված բազմաթիվ ցուցահանդեսների թվում այս մեկն առանձնահատուկ է, քանի որ դասական հեղինակների կողքին ներկայացված են նաև ժամանակակից արվեստագետների գործեր, և այցելուների համար սա նաև արդեն արժևորվածի կողքին նոր արժեքավոր գործեր տեսնելու, զուգահեռներ անցկացնելու լավ հնարավորություն է»- նշել է Արամ Սուքիասյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի հետ շրջել է թանգարանի ցուցասրահներում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը նախաձեռնել է «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը: Կենտրոնի բոլոր ցուցահանդեսներին շեշտադրված է արվեստի միահյուսվածության և շարունակականության գաղափարը: Ցուցահանդեսին ներկայացվել են Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Լևոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31–ը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն