«Մեր պետական մարմինները պատրաստ չէին այդ մարտահրավերներին, նույնիսկ իրենց հաշվարկներում էլ չէին կարող ունենալ զարգացման սցենարները»,- հոկտեմբերի 7-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա նշեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ասում են, որ բերում են փոփոխություններ. «Արդեն օգտագործում են այն բառապաշարը, որ տարիներ ի վեր միշտ ասում էր համակարգային փոփոխություններ, կադրային փոփոխություններ, քաղաքականության եւ նոր մոդելի փոփոխություններ: Սկսել են իրենք խոսել, որ պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Եթե նայենք բառապաշարային փոփոխությունների խնդիր է տեղի ունեցել:
Գործողություններով եւ արդյունքներով, եթե դիտենք, ապա առայժմ այսօրվա դրությամբ միայն եւ միայն կարելի է խոսել անձափոխությունների խնդրի մասին, քանի որ չկա ո՛չ կառավարության ծրագիրը, ո՛չ տեսանելի համակարգային փոփոխությունները: Կլինի այդ ամենը՝ կերեւա երկու շաբաթվա ընթացքում, երբ օրենքի պարտադրանքից ելնելով կառավարությունը պետք է ծրագիրը ներկայացնի: Արդյոք հավատ ունե՞մ, որ մեծ փոփոխություններ կարող են իրենք անել կամ բերել, այդ հավատով էլ այլեւս լի չեմ»:
Թեւան Պողոսյանի խոսքերով՝ ժամանակ չունենք դանդաղելու, բայց ամեն ինչ արվում է օրենքով սահմանված վերջին րոպեի դրությամբ. «Անձափոխության խնդիրն էլ, ըստ իս, որոշված է եղել շատ շուտով, բայց տեխնիկապես ոնց որ թե ձգվում է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունենում ուղղակի հանրային տրամադրությունների կառավարման գործընթաց, այլ ոչ թե փոփոխություններին միտված քաղաքականություն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ