Մայրաքաղաքի ծննդյան օրվան ընդառաջ ավարտին են մոտենում տոնական ձևավորման աշխատանքները: Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները: Միաժամանակ, գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտն էլ կհուշեն օրվա խորհրդի մասին։ Դրոշազարդարվում են բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցները։ Հատուկ ձևավորում կստանան ինչպես միջոցառումների վայրերը, այնպես էլ հարակից փողոցները, իսկ գիշերային Երևանը կգեղեցկացնի տոնական գեղարվեստական լուսավորությունը: Փողոցները կզարդարվեն նաև փուչիկներով, ժապավեններով և ձևավորման այլ տարրերով:
Երևանի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Երևանը իր տոնական ողջ հանդերձանքով ներկայանա մեր համաքաղաքացիներին ու քաղաք այցելող հյուրերին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն