SOS հաղորդման օպերատոր, մոնտաժող Հայկ Բարսեղյանի համոզմամբ, SOS-Ի 11-րդ թողարկումից վիրավորված ոստիկանները դատարան հայց ներկայացնելիս շատ են շտապել:
«Տաք գլխով արագ դատի են տվել՝ առանց հետազոտելու հաղորդման արտադրման գործընթացը: Նախ` պետք է սկսեմ նրանից, որ հաղորդումը Հայաստանում գրանցված չէ, այն Ամերիկայում գրանցված հաղորդում է, ենթարկվում է այնտեղի կանոններին ու օրենքներին: Մեր հաղորդման արտադրման գործընթացը շատ խառն է, օրինակ` սցենարիստը գրում է այն տեքստը, որը Վիլենը պետք է վերարտադրի իր բերանով, դրանից հետո այն գալիս է մոնտաժային փուլ: Նկարահանումների ժամանակ Վիլենը կարող է համ ինձ, համ մյուսներին վիրավորել իր խոսքի մեջ, դեպքեր կան, երբ որ սցենարով նախատեսված է այդ արտահայտությունները տեղադրել հաղորդման մեջ, դեպքեր կան, երբ ես անձամբ եմ որոշում այդ արտահայտությունները տեղադրել: Հաղորդման ուղերձի մեծ մասը իմ որոշելիքն է»,- ասաց SOS հաղորդման օպերատոր, մոնտաժող Հայկ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար:
2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը, որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների և մասնավորապես Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ոստիկանությունը պետք է ուսումնասիրեր՝ ինչի համար են ուզում դատի տալ, ինչ վիրավորական արտահայտություններ են հնչել, ում են ուղղված եղել, ինչու քսան հոգուց երկուսը որոշեցին, որ իրենք են «շան տղա»:
Նա քիչ հավանական համարեց ոստիկանության հաղթանակն այս գործով, ըստ նրա, եթե ոստիկանները դատը շահեն, ուրեմն դատարանի հետ այլ պայմանավորվածություններ ունեն:
Մանրամասներն՝ ավելի ուշ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ