ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ հիմք ընդունելով ծառայության թեժ գծով քաղաքացու կողմից ստացված տեղեկությունը, շուկայահանված յոգուրտի մակնշման և պահման պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող «Էվրիկա» սուպերմարկետում իրականացվել է ռուսական արտադրության «Ռոստիշկա» ապրանքանիշի յոգուրտի դիտարկում:
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» ապրանքանիշի՝ ըմպելի յոգուրտներ ելակի և խնձորի համով, ինչպես նաև խնձորի համով յոգուրտ: Մասնավորապես, յոգուրտների հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակին, նաև՝ փակցված է եղել բնօրինակի վրա:
Վերոնշյալ ապրանքատեսակների վաճառքը կասեցվել է:
Հիմք ընդունելով դիտարկման արդյունքները, ինչպես նաև սննդի շղթայում հետագծելիության ապահովման նպատակով՝ պետական վերահսկողության միջոցառումներ են իրականացվել նաև ներմուծող ընկերությունում: Արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» և «Դանոն» ապրանքանիշի յոգուրտներ՝ 6256 հատ, որոնց հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակ մակնշմանը: Նշված ապրանքատեսակների վաճառքը կասեցվել է, ներմուծողին հանձնարարվել է վերացնել թերությունները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն