Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր աչքի առջև զոհվում են մեր սիրիահայ եղբայրները. պետությունը պարտավոր է քայլեր անել

Հոկտեմբեր 07,2016 17:38

Թե վերջին մի քանի տարիների ընթացքում ինչ է կատարվում Սիրիայում, համարյա բոլորն են տեղյակ, իսկ թե ինչո՞ւ է կատարվում այդ ամենը և երբ վերջ կտրվի Սիրիայի այս հիմնահատակ կործանմանը, սրանք արդեն չափազանց մշուշոտ հարցեր են, որոնց պատասխանները հազիվ թե ունենանք մոտ ապագայում:

Պատերազմի սկզբնական շրջանում հույսեր կար, որ Բաշար Ասադը իր համախոհ երկրների օգնությամբ ի վիճակի կլիներ դիմակայել այդ մարտահրավերներին և Սիրիան փրկել կործանումից: Սակայն, անցնող տարիները ցույց տվեցին, որ չնայած Սիրիայի նախագահը ոչինչ չի խնայում և փորձում է անհավանականն անել այս հարցում, այնուամենայնիվ մինչ այս պահը լուրջ առաջընթաց չի արձանագրվում, Սիրիան տալիս է մեծագույն մարդկային և ֆինանսական կորուստներ, մասնավորապես, Հալեպ քաղաքը որպես այդպիսին, կարելի է ասել, արդեն գոյություն չունի, այն համարյա հիմնահատակ ավերվել և փլուզվել է:

Մեկ-երկու տարի առաջ արդեն զգացվում էր, որ այս պատերազմը ավարտվելու նշաններ չի արձանագրում, որի առհավատչյան սիրիահայերի ճնշող մեծամասնության՝ աշխարհի տարբեր ուղղություններով և աստիճանական հեռացումն էր այդ երկրից: Ես դա չեմ համարում դավաճանություն սիրիահայերի կողմից հայրենիք համարվող Սիրայի հանդեպ, քանզի ամեն ինչ չափազանց մշուշոտ է և ոչ մի սիրիահայ՝ ոչ կռվելով, ոչ այլ ճանապարհով ի զորու չէր դիմակայելու հակառակորդների վայրագություններին և պաշտպանելու իր հայրենիքը:

Այս պատերազմը՝ պատերազմ չէ դասական իմաստով, որի ընթացքում հնարավոր լինի կռվելով հաղթել կամ դիմակայել: Այս պատերազմը օդից նետվող ռումբերի պատերազմ է, որտեղ ժողովուրդը ոչինչ անել չի կարող և եթե որևէ բան էլ հնարավոր է անել, ապա դա պետք է ու կարող է անել միայն սիրիական բանակը:

Այս ամենի մասին ինքնանպատակ չեմ բարձրաձայնում, քանզի ասվածը կարծես հուշում է, որ այս պահին՝ դեռևս Սիրիայում մնացած հայերը պարտադրված պետք է փորձեն հեռանալ երկրից, քանի որ մնալը որևէ կերպ արդարացված չէ: Իհարկե, հասկանալի է, թե որքան անասելի դժվարությունների հետ է կապված նրանց տեղափոխման խնդիրը, այնուամենայնիվ նրանց մնալը այլ շարունակություն չունի, քան պարզապես զոհվելը: Հասկանում եմ նաև, որ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում, բայց և համոզված եմ, որ սա այդ դեպքը չէ:

Այս նախաբանից հետո փորձեմ անցնել բուն ասելիքին: Այն, ինչի մասին ասվեց, անտարակույս քաջատեղյակ են նաև Հայաստանի իշխանությունները և դրա մասին է վկայում նաև այն, որ վերջին օրերի ընթացքում Սփյուռքի նախարարության խոսափողներով հաղորդագրություն տարածվեց, որ պետությունը կարողացել է միջոցներ հայթայթել՝ երկու սիրիահայ ընտանիքների Հայաստան տեղափոխման ծախսերը հոգալու համար:

Այստեղ ուզում եմ չափազանց կարևոր հարց բարձրացնել: Ի՞նչ տարբերություն սիրիահայերի, Արցախի, Լիբանանի, Իրաքի, Իրանի, Կամբոջայի, Մոզամբիկի և ընդհանրապես այլ երկրների հայերի միջև: Պատասխանն ակնհայտ է. հայը՝ հայ է: Այդ դեպքում, ևս մեկ կարևոր հարց է առաջանում. Մի՞թե Սիրիայում ընթացող զարգացումները արտաքին գործերի և սփյուռքի գերատեսչությունների ղեկավարներին պարզորոշ չէին հուշում, որ այլ ճանապարհ չկա, քան այն, որ պետք է մշակվի և Հայաստանի բարձրագույն իշխանությանը ներկայացվի սիրիահայերի՝ անհապաղ Հայաստան տեղափոխման պետական ծրագիր և ի հնարավորին արագ այն իրականացվի: Հասկանալի է, որ իրավասու այրերը միանգամից կպատասխանեն, որ Հայաստանն իր գլուխը պահել չի կարողանում, որտեղից գտնի նրանց տեղափոխման (մոտավոր հաշվարկներով, Սիրիայում բնակվող 200 000 հայերից այս պահին այնտեղ մնացել և ապրում են 20-ից 40 հազար հայեր) և բնակության համար անհրաժեշտ հսկայական միջոցները, որպեսզի կարողանա իրականացնել այդ գործընթացը:

Այդ դեպքում, հարց է առաջանում. իսկ Հայաստան պետությունը պաշտոնապես դիմե՞լ է աշխարհասփյուռ հայությանը, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի ժողովրդին առ այն, որ մեր սիրիահայ՝ մոտ 40 հազար հայրենակիցները լիովին անպաշտպան են, մսաղացի մեջ են, և ուղղակիորեն՝ ռումբերի տարափից զոհվում են ու փրկության այլ շանս չունեն, քան նրանց տեղափոխումն է Հայաստան, որտեղից հետագայում պարզ կդառնա նրանց ապագա ճակատագիրը: Այդ, ե՞րբ մեր պետությունը փորձեց այդ մարդասիրական քայլը (որն ավելի ճշգրիտ, նրա սուրբ պարտավորությունն է) և աշխարհը, սփյուռքահայությունը, Հայաստանի ժողովուրդը ոչ մի կերպ չարձագանքեցին, որ ինքն էլ այսպես անտարբեր լռում է, կարծես խոսքը գնում է ոչ մեր հայրենակիցների, այլ ինչ-որ երկրում ապրող այլազգիների մասին:

Համենայնդեպս, մի բան պարզ է. երբ որ 90-ականների սկզբին սկսվեց Արցախյան պատերազմը, ողջ աշխարհասփյուռ հայությունը, այդ թվում նաև սիրիահայությունը անտարբեր չմնաց և ամեն կերպ աջակցում էր Հայաստանին, քանզի ողջ աշխարհի հայությունը համարվում է մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն…

Ամոթ է, երբ մեր աչքի առջև, օրը ցերեկով զոհվում են մեր սիրիահայ եղբայրները, քույրերը և մեր երեխաները: Հայաստան պետությունը պարտավոր է քայլեր անել և լուծել այդ ամենաառաջնային և գերկարևոր հարցը…

Համոզված եմ, որ ցանկացած հայ ընտանիք սիրով և պատրաստակամությամբ կհյուրընկալի սիրիահայ մեր հայրենակիցներին և իր վերջին կտոր հացը կկիսի նրանց հետ…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31