Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Հոկտեմբեր 07,2016 17:10

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման 

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո

Ու մայրը չոփ էր դարձել, եւ առավոտները վեր կենում, ու տղային չէր ուզում նեղված տեսնել, բայց նեղված-ճարահատ բողոքում-ասում էր, նեղված ասում էր՝ էդքա՜ն բանվոր ու վարպետ ես հավաքել գլխիդ, բայց ի՞նչ եփեմ, ի՞նչ պատրաստեմ էդքան բանվորի ու վարպետի համար, ու տղան ճարահատ-նեղված, ամեն-ինչի պակասությունից նեղված ասում էր՝ լոբի՛, չոր լոբի եփիր, ու մայրը վհատված-մեղավոր ասում էր՝ լոբին էլ է պրծե՜լ… լոբին երկու օր առաջ է պրծե՜լ. էս երկու օրերը հենց էդ մի բուռ լոբով եմ նրանց ախուս արել: Ու մայրը սովորություն ուներ, ու նեղված պահերին ասում էր, անկախ իրենից ասում էր՝ վի՜շշ, սենց բա՞ն կլինի, ու հիմա էլ, իրենից անկախ ասաց՝ վի՜շշ, սենց բա՞ն կլինի, սաղ աժդահա մարդիկ են, ես ամաչում եմ. դրանց կերածն ի՞նչ է, ի՞նչ ենք տալի՞ս որ. ամոթ է, ամոթ էլ է՝ հաց չենք տալիս, հաց չենք տալիս մի կարգին ուտեն: Եւ հետո գյուղի տղաներից մեկն ասելու էր՝ քո տուն սարքելը՝ քարով փեդ կտրել էր, ու… մեխ չկա, տախտակ չկա, «կուբիկ» չկա, պատուհանների շրջանակներ չկա՝ համապատասխան վարպետներն ու բանվորներն անգործ են մնացել, եւ անգործ վարպետներին ու բանվորներին հաց ու ջուր չկա տալու, եւ մայրը նեղված ասում էր, ասում էր՝ ամոթ է, կմտածեն՝ անգործ են մնացել՝ դրա համար հաց ու ջուր չենք տալիս: Եւ տղան՝ ճղրտված, արդեն ցանց դառած «սպորտիվկան» նորից վրան քաշում-հագնում ու՝ շրջկենտրոն, կենտրոն՝ դես ու դեն էր ընկնում նորից ոտքով… Ոտքո՛վ: Ոտքո՛վ: Ոտքով գնա ու… «տենդեր շահածների» հետ լեզու ծեծի, լեզու ծեծի, որ էդ մնացածը պոկի բերի-տունը կառուցի, ու փախստական դարձած-սոված-ծարավ չոլերն ընկած-նորից վերադարձած, անտուն դառած եւ պապիկի ու տատիկի թուրքից անվնաս մնացած թաց գոմում ծվարած՝ պապիկին, հորն ու մորը հանի էդ թաց գոմից-տնավորի ու գնա-իր բանին կենա: Գնա-իր բանին կենա: Գործի տեր է, եւ Էդ Բարի Մարդու Համբերությունը չհատնեցնի ու գնա-իր բանին կենա նորից: Իր գործին ու իր բանին կենա նորից:

…Բայց հետո: Հետո՛: Հետին թվով հիշում ու մորմոք-ցավից մինչեւ կյանքի վերջը գետինն է ուզում մտնել: Գետինն է ուզում մտնել մինչեւ կյանքի վերջը մորմոք ցավից: Ուտող-խմող, լավ օրերին տղայի՝ թոռան հետ հաց կիսող պապը կիսվել էր թոռանը՝ տղայի հետ. «Անցած օրը հայաթում թռչկոտող գորտերից մեկն ուզում էի բռնեի՝ կրակին գցեի-խորովեի-ուտեի՝ նե՜նց մսի կարոտ եմ»: Եւ լավ օրերին պապը թոռան՝ տղայի հետ էր նստում ճո՜խ սեղանին ու երկուսով՝ ճո՜խ քեֆ անում-հաց էին ուտում-հաց էին կիսում պապ ու թոռ, ու պապը… մսի կարոտ էր, ու տղան չկարողացավ… անհրաժեշտ պահին չկարողացավ մի երկու կտոր խորոված-միս հյուրասիրել իր պապին երդմնազանցի ուղղամտությամբ… Չկարողացավ տղան: Ու անդարձ է ամեն ինչը, եւ այլեւս-երբեք, ոչ մի անգամ չի գալու այդ պահը, եւ տղան այլեւս ի վիճակի չի լինելու ուղղելու իր սխալը պապի նկատմամբ. չի գալու այդ պահը: Չի՛ գալու այլեւս երբե՛ք:

Ու… տատը: Եւ տղայի տատի գերեզմանը: Մնաց՝ հեռո՜ւ, հեռո՛ւ: Պապի գերեզմանից հեռո՜ւ ու… հեռվո՜ւմ մնացած տատի գերեզմանը: Ու տղան նաեւ իր տատիկին, տարիներ հետո իր տատիկին առնչվող պատկերը տեսավ հեռակա կարգով։ Տեսավ բոլ ու ճոխ ապրած «կուլակի աղջիկ» իր տատիկին, իր հպարտ-ազնվացեղ Աչա-մամային, որ տառաճանաչ եղավ, բայց չհասցրեց կրթություն ստանալ, խորհրդային ժամանակներում ապրեց, սակայն ազնվացեղի իր արյունով միշտ խեթում էր երկրի բարքերը. «Ազգությունը կորցրած տասը՛ ռայկոմի քարտուղար, որ իրար գլխի դնես, հորս՝ Լալազարի եղունգը չեն արժենա։ Հերս՝ Լալազարը, յափնջին հանում-կողքի էր դնում ու… բատրակների հետ գոմն էր մաքրում, արտն էր հնձում, ցորենն էր քամուն տալիս, խաղող էր ճմռում, էտ էր անում։ Ամեն օրվա վերջում, անկախ վարձատրությունից, իր պահեստներից՝ պանիրը, յուղը, բրինձը հանում, մի-մի բոխչա կապում եւ իր բատրակներին էր տալիս։ Նեղմտությունից՝ գլուխը կերան հորս: Կերա՛ն գլուխը: Ազգությունը կորցրած տասը՛ ռայկոմի քարտուղար, որ իրար գլխի դնես, հորս՝ Լալազարի ոտքի մի եղունգը չեն արժենա. սուտ կանգնում, ձեռքները դնում են սուտ գլխներին ու սուտ խոսում են՝ սուտ երկիր է»։

Եւ տղան իր տատիկին տեսավ հեռակա կարգով, որ հիմա փախստական դարձած, անտուն-անտեղ, ոտքերից դուրս պրծնող-անչափ մեծ, ուրիշի կողմից նվիրված-հնամաշ գալոշները հագին, գալոշի ծանրությանն ու հարմարությանն համապատասխան քայլք գցում եւ թոռների մեջ իր ամենասիրելի թոռան թեւը մտած, աղաչում-պաղատում էր, աղաչում-պաղատում էր՝ տուր-սպանիր-հողով ծածկիր, ինձ համար մի տանջվիր, Աչա-մաման քեզ մատաղ, ես իմն արդեն ապրել եմ, էս տարիքիս՝ ինձ երեւաններ ու մասիսներ քարշ մի տուր, էս տարիքիս ու իմ ապրածից հետո՝ ես երեւաններում ու մասիսներում ի՞նչ գործ ունեմ, ի՞նչ պիտի անեմ էս տարիքիս: Եւ ինչքան էլ ինձ հարազատ, բայց ես իմ պատառով եմ ապրել, եւ ուրիշի տանը-ուրիշի պատառ-հացը՝ կուլ չի գնա, ցավդ տանեմ, կուլ չի գնալու: Էլի շնորհակալ եմ. ինձ համար, էս քանի օր է, հա՜, ցեխերի մե՜ջ, անձրեւի տա՜կ՝ ո՞նց էլ եկել-ինձ գտել ես՝ թեւս մտած, սովա՜ծ-ծարա՜վ՝ քարշ ես տալի՜ս, քարշ ես տալի՜ս… Որ ի՞նչ անես, որ ի՞նչ լինի, որ տանես, էս տարիքիս ու իմ ապրածից հետո՝ երեւաններում-մասիսներո՞ւմ պահե՛ս, ցավդ տանեմ, ցավդ տանեմ. ինձ համար քեզ փորձանքի մի ենթարկիր, տուր-էս ձորերում մի տեղ ինձ սպանիր, թող-գնա։ Թող-գնա, ցավդ տանեմ,
Ու տղան իր սիրելի Աչա-մամա տատիկին տեսավ հեռակա կարգով, որ երեւաններում ու մասիսներում ազնվացեղի իր հպարտությամբ վիզ չծռեց, ոչ մեկի հետ յոլա չգնաց ու չուզեց, որ իր հետ յոլա գնան։ Ու ցուրտ ձմռան փետրվար 8-ի ուրիշի տաք տների ցուրտ սենյակում, ամենասիրելի թոռան ներկայությունը զգալով գլխավերեւում, հի՜ն ազնվացեղի գեղեցկությունը դեռ վրան պահած, հոգնած-տանջված, փախստական-մահամերձի իր գլուխը բարձրացրեց ու հարազատ-տատիկի վերջին հանդիմանանքը տվեց իր թոռանը, վերջին հանդիմանանքը տվեց իր թոռանը. «Աչա-մաման քեզ մատաղ, չասացի՞՝ ինձ իմ հողում սպանիր-թող մնամ։ Բերիր, ինձ մի կոպեկանոց սարքեցիր։ Էս, սրանց ես չեմ մեծացրե՞լ, թե՞ իրենք-իրենց են իրարից ու ինձնից ու իրենց հորից նեղսրտված մեծացել: Էս, սրանք ո՞նց են փոխվել ու քաղքենիացել, էս, սրանց ես չեմ մեծացրե՞լ ու տնավորել, թե՞ իրենք կարծում են՝ իրենք-իրենց են մեծացել եւ կամ ուրիշն է իրենց տնավորել։ Էս, սրանք, էս ո՞նց են փոխվել, ու ինձ ու պապիդ էս ո՞նց են իրար պաս տալիս-իրար ամոթանք տալով: Էլի հույսս քո վրա է, մատաղ ինիմ, հույսս քո՛ վրա է. ինձ էստեղ չթողնես, որ խաղաղություն իջավ ու գյուղն ազատագրվեց, շիրիմս կհանես-գյուղ կտեղափոխես, գնամ իմ հոր՝ Լալազարի կողքին ննջեմ։ Իմ հոր՝ Լալազարի կողքին ննջեմ։ Ինձ կներես, Աչա-մաման քեզ մատաղ, քեզ շատ չարչարեցի»։

Բայց… տատիկի գերեզմանը… տատիկի գերեզմանը: Տղայի սիրելի Աչա-մամա տատիկի պատգամն ու հեռվում… պապի գերեզմանից հեռվում գտնվող նրա… գերեզմանը: Սիրելի տատիկի պատգամն ու… գերեզմանը, եւ տղայի ուշացած-քար կտրած-անճար երդմնազանցությունը: Մի մե՜ծ բան չէ, մի մե՜ծ բան չէ, եւ փողի հետ էլ ու տղայի հարստանալու հետ էլ կապ չունի, բայց… Հոգնել է: Հոգնել է՝ լուռ ապրումներից, չոր արցունքներից, պարտք վերցնելուց-պարտք փակելուց, չեղած տեղից՝ սրան-նրան հասնելուց, ստեղ-ընդեղ վազվզելուց: Հոգնել է: Եւ… սիրելի տատիկի պատգամն ու տղայի ուշացած-անճար երդմնազանցությունը… Խրվել-մնացել է տղայի այլեւս քարացած ու քա՛ր կտրած սրտում: Խրվել-մնացել է այլեւս: Մե՜ծ տառապանք պոկած-Կորսված սիրո նման Խրվել-Մնացել է այլեւս քար կտրած սրտում տղայի՛: Խրվել-մնացել է:
… Եւ, կարծես, «վեշեր կապելու» ու «արկղների» հարցը վերջանալու վրա է, ու տատը ճոճուն քայլք դրած մի հատ էլ եկավ-ստուգեց, ու «կանիստր»-գինին արդեն տեղավորված էր արկղում, ու ճոճուն քայլքի հետ մի հատ էլ խրատ կարդաց-տվեց «…կողը հաստ-ինքնասածի»-թոռանն ու ասաց՝ չվիճե՛ս, հա՜, չկռվե՛ս հետները, նրանց ինսան ասողի՝ նենց փիս-փիս բաներ են անում ձեռքներն ընկածի հետ… ու մայրը տարողությունից տռզած-ուռճացած, շա՜տ մեծ, հաստ պատերով-ստվարաթղթե-պինդ արկղի մեջ դասավորված տեսակ-տեսակ մուրաբայի տուփերի արանքը՝ չիր, ճուղուպուր, տկողեն շաղ տալով-լցնելով ու արկղը թափ տալով-արկղի մեջ դասավորված իրերն ապահովության համար պնդացնելով-անշարժացնելով՝ հետն էլ մայրական ախ ու վիշ է անում.
– Տանո՜ւմ… ու քո բաժինն էլ ես բաժանում, գիտես՝ չգիտե՞մ։ Գոնե՛, քեզ բան մնո՞ւմ է, քո բաժինն ունենում ե՞ս։ Կեսը հանրակացարանիդ-սենյակիդ մի պուճախում դիր, ու գործից ուշ վերադառնալ կա՜, բան կա՜… չես հասցնի էդ օրը հաց առնես՝ կհանես-կուտես, որ ասում եմ՝ լսիր, մաման քեզ մատաղ։ Մաման քեզ մատաղ, քոնը մի՜շտ՝ դժվա՜ր, մի՜շտ՝ դժվա՜ր… Անտեր մնա էդ փողը, է՜, հա՛, անտեր մնա, որ չունենք՝ ամսեամիս քեզ ուղարկենք: Բա ուսանողը գիշերները՝ սովորի, ցերեկները՝ աշխատի՞: Բա դու ե՞րբ քնես, ե՞րբ արթնանաս, ե՞րբ հաց ուտես: Բա քո սովորածն ի՞նչ պիտի լինի: Ի՞նչ պիտի լինի քո սովորածը:

(շարունակելի)

Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31