armenian-community.ge. 2016 թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես արդեն հայտարարել էինք, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը հանդիպումների շարք անցկացրեց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի տարածքային կառույցների ներկայացուցիչների և անհատ թեկնածուների հետ:
Կայացած հանդիպումներում հիմնական ուժերը և թեկնածուները Խորհրդի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են Ջավախահայությանը հուզող մի շարք հարցեր` ազգային, քաղաքական, հոգևոր-մշակութային և կրթական: Հիմնահարցերի լուծման խնդրում լսել են Խորհրդի հարցադրումները և ներկայացրել ջավախահայությանը հուզող խնդիրների լուծման վերաբերյալ սեփական տեսակետները:
Ի մի բերելով հանդիպումների արդյունքները, վերլուծելով և համադրելով ներկայացված տեսակետներն ու ծրագրերը՝ Խորհուրդը փաստում է, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած հիմնական ընդդիմադիր ուժերի և թեկնածուների տեսակետներն ընդհանուր առմամբ համընկնում են Խորհրդի պահանջների հետ:
Քանի որ նշյալ հանդիպումներին իշխող` «Վրացական երազանք» քաղաքական ուժի կողից մեծամասնական հիմունքներով առաջադրված թեկնածուն չի մասնակցել, ուստի իշխանական թեկնածուի տեսակետների մասով, ցավոք, Խորհուրդը ոչինչ չի կարող նշել սույն հայտարարության մեջ:
Ելնելով վերոնշյալից՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը հուսով է, որ սույն հայտարարությունից բխող եզրահանգումները թեկնածուների և քաղաքական ուժերի ընտրության հարցում մեծապես կօժանդակեն ջավախքահայությանը:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի
Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ