Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանին և մյուսներին անազատության մեջ պահելը ստվերո՞ւմ է ՀՀ արդարադատությունը

Հոկտեմբեր 07,2016 16:22

Հայաստանը առաջին երկիրն է, որի համար Եվրամիությունն ունի բյուջետային աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի քաղաքական, տնտեսական մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցն այսօր Երևանում հայտարարեց, որ Հայաստանին 46 միլիոն եվրո է տրամադրվել արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման համար:

Aravot.am-ը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց՝ Կարո Եղնուկյանի, Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի և այլոց կալանավորումը, կոնկրետ Կարո Եղնուկյանին և Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելը շարունակելը չե՞ն ստվերում այն բարեփոխումների իրականացումը, որոնք Հայաստանում կատարվում են ԵՄ-ի ֆինանսավորմամբ: Փոխնախարարը պատասխանեց. «Չեն ստվերում, քանի որ այդ գնահատականը տալիս է հիմնականում մրցակցային դատավարության կողմերից մեկը, փաստաբանը, որը խնդիր ունի»:

Մեր այն հիշեցմանը, թե կոնկրետ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու համար առաջարկվել է մեկ միլիոն դոլար, ինչը ևս չի օգնել, և առանց պատճառաբանության Եղնուկյանին շարունակում են պահել անազատության մեջ, ըստ փաստաբանի՝ «առանց որևէ հիմքի»,  պարոն Քրմոյանը խուսափեց արձագանքել՝ վստահեցնելով, թե դա իր իրավասության հարց չէ, քանի որ դա դատավարական և քրեական հետաքննություն իրականացնող մարմնի գործառույթ է: Փոխարենը փոխնախարարը հավաստիացրեց, թե իրենք փորձում են ամեն ինչ, որ ազատազրկման հետ կապված խափանման միջոցներն ավելի քիչ կիրառվեն, որ ավելի քիչ մարդիկ պահվեն քրեակատարողական հիմնարկներում մինչդատական փուլում և նաև ավելի քիչ գումար ծախսվի:

Ի տարբերություն Սուրեն Քրմոյանի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անշուշտ, Կարո Եղնուկյանի և մյուսների հետ կատարվածը ստվերում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի իրականացրած բարեփոխումները. «Ոչ միայն Եղնուկյանի, այլև ընդհանրապես քաղաքական, հասարակական գործընթացների ակտիվ մասնակից քաղաքացիների նկատմամբ քրեական գործերի, նրանց հետապնդման պրակտիկան, խափանման միջոցի ընտրության ժամանակ դատարանի պահվածքը խոսում են այն մասին, որ, ցավոք, դեռ մեզ մոտ արդարադատության բնագավառը խոցելի է քաղաքական գործոնների նկատմամբ, և քաղաքական նպատակահարմարությունը գերագնահատվում է արդարադատությունից»:

Մեր հարցին՝ այն, որ ՀՀ-ն միակ երկիրն է, որն ունի ֆինանսավորում մարդու իրավունքների պաշտպանության համար, դա նշանակում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում վիճակն անմխիթա՞ր է, թե՞ Հայաստանը կարևորվում է որպես գործընկեր, պարոն Սաքունցը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ Հայաստանը կարևորվում է, և տեսնում են, որ հնարավորություն կա վիճակը փոխելու, երբ նպատակային ֆինանսավորում են կատարում: Իսկ թե դա ինչքան ժամանակ կտևի, դժվար է ասել: Բայց նշեմ, որ այս ոլորտում շատ ավելի խայտառակ է վիճակը Ադրբեջանում և Ռուսաստանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31