Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի քաղաքային գրադարանն ունի մոտ 10000 կտոր գրականություն (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 07,2016 15:44

Հոկտեմբերի 7-ին Արցախում և ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ մեզանում պաշտոնապես նշվել է 2004-ին: Տոնի առթիվ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքային գրադարանում կայացավ «Թող գրադարանները լինեն հավիտյան, ինչպես հավիտյան է գիրքը» խորագիրը կրող տոնական միջոցառում: Բերձորի քաղաքային գրադարանը հիմնվել է 1998 թվականին (հիմնադիր տնօրեն՝ Սոնա Հովեյան), այժմ ունի մոտ 10000 կտոր գրականություն, 9 աշխատող և 910 ընթերցող, հիմնականում՝ աշակերտներ, նաև՝ այլ համայնքներից:

Այս տարվա օգոստոսի 16-ից գրադարանը տնօրինում է Սոնա Գևորգյանը: Մինչ հանդիսավոր մասի սկսվելը՝ ցուցադրվեցին անկախության տարիներին տպագրված արցախցի գրողների գրքերը, այդ թվում նաև՝ Քաշաթաղի շրջանում բնակվողների: Այնուհետև Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի սաների մասնակցությամբ կայացավ գրական-գեղարվեստական միջոցառում: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, նույն բաժնի աշխատակիցներ, ուսուցիչներ: Տնօրեն Ս. Գևորգյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ գրադարանների խնդիրներին: Աշակերտները երգով ու ասմունքով կարևորեցին գրքի դերը մարդու կյանքում:

Նշվեց, որ հայ ժողովրդի կյանքում կարևոր դեր են կատարել 4 գիրք՝ Խորենացու «Հայոց պատմություն»-ը, Եղիշեի «Վարդանանց և Հայոց պատերազմի մասին»-ը, Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը և Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն: Սակայն բազում են գրքերը, որոնք նույնպես ուսուցանում են ու ուղեկից են մարդուն ողջ կյանքի ընթացքում:

Բերձորի արվեստի դպրոցի քանոնի բաժնի սան Էլեն Դանիելյանը հանդես եկավ՝ Ծովինար Հովհաննիսյանի «Պար»-ի կատարմամբ, որն ընդունվեց ջերմորեն: Աշակերտները տեղեկացրեցին նաև, որ հայ ժողովուրդը դեռ հեթանոսական շրջանում է կարևորել գիրք-մատյանի դերը և հիմնել գրադարաններ մեհենական մատյաններով: Նշվեց, որ անտիկ շրջանում միջնադարում մատյաններին զուգահեռ մեծ դեր են ունեցել վիմագիր արձանագրությունները, որոնք այսօր էլ պատմում են մեր անցյալի մասին:

Գրադարանային գործի նվիրյալներին շնորհավորեց Ա. Մխիթարյանը՝ ասելով, որ ինչքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները փոխարինեն գրքին, միևնույն է գրքի հետ կենդանի շփումն այլ է: Այնուհետև այս կարևոր գործում ունեցած ավանդի, նաև ծննդյան 60 ամյակի առթիվ գրադարանավար Արծվիկ Ալեքսանյանին հանձնվեց ԼՂՀ վարչապետի հուշամեդալը, որին արժանացել է վերջերս: Հուսանք այսուհետ գրադարանը կունենա ավելի լավ պայմաններ, հարստացած գրաֆոնդ և շատ ընթերցողներ:

qashatax-8 qashatax-6 qashatax-5 qashatax-4 qashatax-3 qashatax-2 qashatax-1

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31