Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար անընդունելի է բռնությունը ցուցարարների նկատմամբ». Դիրկ Լորենց

Հոկտեմբեր 07,2016 15:27

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրամիությունում քննարկվել և մտահոգություններ են հնչեցվել ՀՀ-ում հուլիսին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Aravot.am-ը ԵՄՊ գրասենյակի քաղաքական, տնտեսական մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին խնդրեց մանրամասնել, մասնավորապես ի՞նչ մտահոգություններ են հնչեցվել և հետևություններ արվել: ԵՄ պաշտոնյան պատասխանեց. «Մենք ուշադիր հետևում էիք էրեբունում տեղակայված ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին: Ընդգծել ենք, որ ուժի կիրառմամբ իշխանության հասնելն անընդունելի է, բայց միևնույն ժամանակ մեզ համար անընդունելի է բռնությունն ընդդեմ ցուցարարների: Ուստի հորդորել ենք իշխանություններին իրականացնել լուրջ հետաքննություն»:

Մեր դիտարկմանը, թե հուլիսյան իրադարձություններին մասնակից քաղաքացիական բազում ակտիվիստներ այժմ գտնվում են անազատության մեջ, և իրավապաշտպանները նրանց համարում են քաղաքական բանտարկյալներ, պարոն Լորենցն արձագանքեց. «Իրավական այդ գործընթացները պետք է ուշադրության կենտրոնում պահի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Մենք էլ մեր հերթին ուշադիր հետևում ենք հետաքննության մեխանիզմներին: Հայաստանը միջազգային մակարդակով ստանձնել է պարտավորություններ և պետք է դրանք կատարի»:

Դիրկ Լորենցը ձեռնպահ մնաց կալանավորումների հետ կապված մասնավոր դեպքերը մեկնաբանելուց և տեղեկացրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հետ խնդիրներ քննարկելու են մյուս տարի գարնանը, ուստի դրանից հետո կանեն եզրահանգումներ:

Վկայակոչելով ՀՀ մի շարք իրավապաշտպանների գնահատականը, թե Սարի թաղի և Խորենացիի դեպքերով կալանավորվածները քաղաքական բանտարկյալներ են, ԵՄ պաշտոնյայից հետաքրքրվեցինք՝ այդ անձանց կարելի՞ է քաղբանտարկյալ բնութագրել, պարոն Լորենցը պատասխանեց. «Կրկնում եմ՝ ես կարող եմ միայն ընդհանուր գնահատական տալ, մասնավոր դեպքերի գնահատական չեմ ուզում տալ: Դա ՀՀ իշխանությունների քննարկման հարցն է: Մենք այս հարցերը քննարկելու ենք մյուս տարի գարնանը և միայն դրանից հետո կկարողանանք եզրահանգումներ կատարել»:

Պարոն Լորենցը նաև անդրադարձավ օրերս ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Մեր այն հիշեցումներին, թե այդ ընթացքում խոչընդոտել են դիտորդների և լրագրողների աշխատանքը, բռնություն կիրառել լրագրողների նկատմամբ, Դիրկ Լորենցը կրկին ձեռնպահ մնաց կոնկրետ գնահատականներ տալուց՝ շեշտելով, որ ուշադիր հետևում են հետաքննության գործընթացին և միայն դրա ավարտից հետո կկարողանան հետևություններ անել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31