Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներից նեղացել է եւ չի ուզում այլեւս հարցազրույցներ տալ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կփորձի հաշտեցնել լրագրողներին ու Գալուստ Սահակյանին. «Խորհուրդ կտամ, որ մկրատով չկտրտեք խոսքը, որովհետեւ ցանկացած պատրաստված ելույթ, ինչքան էլ պատրաստված լինի այդ քաղաքական գործիչը, հմուտ լրագրողը կարող է ստանալ լրիվ այլ պատկեր, եթե սկսի մկրատով գործողություններ անել: Ավելի լավ է դուք ուշադիր լինեք: Գալուստ Գրիգորիչը միշտ ներող է, ինձ թվում է նորից նա կգա լրագրողների գիրկը»:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ Վանաձորում ՀՎԿ թեկնածու Արկադի Փելեշյանի՝ եկեղեցականին ծեծելու միջադեպին. «Մարդը, որը տուժել է՝ Ռաֆայել Գրիգորյանը՝ հավատքի մարդ է, ինտելեկտուալ մի անձնավորություն, որը կյանքում քաղաքական ինտրիգների չի մասնակցել, որեւէ քաղաքական իրավիճակում չի հայտնվել: Եղել է եւ կա հավատքի մարդ: Նրան վարկաբեկելով եւ մեղադրանքներ առաջադրելով՝ մեղք են գործում»:
Ինչ վերաբերում է Փելեշյանի նկարագրին, նա ասաց, որ կոնկրետ իր նկատմամբ հարգանքով է եղել: Նա հստակեցրեց, որ Լոռիում ժողովուրդը մեղմ է եւ քրեական հեղինակություններ չեն լինի. «Եթե որեւէ մեկը իր գլուխը փորձում է վեր հանել՝ շատ արագ իջեցնում են ներքեւ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ