Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային նոր օրենսգիրքը նաեւ Հայաստանին վարկեր տվող դոնորների պահանջով է ընդունվել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2016 15:09

Հարկային օրենսգրքի հապճեպ ընդունումը նաեւ դոնորների պահանջով էր: Այս կարծիքին է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Դոնոր ասելով պարոն Մարգարյանը նկատի ունի այն միջազգային կառույցներին, որոնք մեր երկրին տարիներ ի վեր վարկեր են տրամադրում, ինչի արդյունքում էլ Հայաստանի պետական պարտքը տարեցտարի մեծանում է` հասնելով վտանգավոր սահմանագծին:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ Ատոմ Մարգարյանն իր կարծիքը հիմնավորեց այսպես. «Մենք տեսնում ենք, որ մեկ միլիարդ դոլարի չափով կրճատվել են մասնավոր տրանսֆերտները, նույնքան էլ աճել է արտաքին պարտքը:

Այսինքն` դոնորները դեռեւս բարեհաճ են, դեռեւս փող տալիս են, բայց արդեն մենք տեսնում ենք, որ արտաքին պարտքը մոտենում է մի այնպիսի սահմանագծի, որից այն կողմ արտաքին պարտքը սկսում է աշխատել ֆինանսական բուրգի սկզբունքով: Դոնորները միամիտ չեն եւ, բնականաբար, խնդիր են դնում, հետեւաբար այս Հարկային օրենսգրքի ընդունման պատճառներից մեկն էլ հենց դոնորների պահանջն է եղել, որ գոնե փաստաթղթի մակարդակով երաշխիք լինի մյուս տարվա եկամտային մասի կատարման»:

Մանրամասները` տեսանյութում

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանելով այն հարցին, թե եկող տարվա բյուջեում ծախսերը կրճատվելու են, այսինքն` որոշ ծրագրեր չեն իրականացվելու, պարոն Խաչատրյանն ասաց, որ այդ ծախսերը տնտեսության նպաստավոր գործոններից մեկն են. «Ի վերջո պետությունը լավագույն պատվիրատուն կարող է լինել եւ տնտեսության մեջ նրա դերի մեծացումը կարող է այդ ծախսերի միջոցով լինել, բայց խնդիրը կայանում է նրանում, թե որքանով է արդյունավետ»:

Վահագն Խաչատրյանը օրինակ բերեց ոչ բյուջետային ծախսերով իրականացվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի գործարքը, որը, նրա կարծիքով, ամենամեծ կոռուպցիոն ռիսկ պարունակողն է. «Հիմա եկեք այդ ծախսերը մեծացնենք, մեծացնենք ի՞նչ անեք, այսինքն` էլի կոռուպցիան այնտեղ շատացնե՞նք»:

Պարոն Խաչատրյանի համոզմամբ, երկիրը շատ ավելի վատ վիճակում է քան մենք տեսնում ենք:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը գտնում է, որ կառավարության փոփոխությունը ոչ թե տնտեսական է այլ` քաղաքական, որովհետեւ «1,2 միլիարդ դոլարի վարկեր ենք մենք բերել, փողը մտել է տնտեսություն եւ արդյունք չի տալիս, ո՞ւր է գնում այդ փողը»:

«Պարզ բան եմ ասում, փողը մտել է տնտեսություն, պետք է ինքը տնտեսական աճը ապահովի ու հետ գա սպասարկի այդ վարկը, բայց այդ գործընթացը չի լինում, այսինքն` բնական գործընթացները խախտված են»,- համոզված է տնտեսագետ Մ. Մելքումյանը:

Ըստ նրա հանրապետություն ներկրվող ռազմավարական բնույթի շատ ապրանքատեսակներ բերում են 3-4 տնտեսվարողներ. «Հիմա, եթե նոր կառավարությունն ուզում է փոփոխություն անել, պետք է 1 ամիս հետո ցույց տա, որ ոչ թե 3-4-ն են ներկրում այդ ապրանքատեսակներն, այլ` 23-ը»:

Մանրամասները` տեսանյութում

«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը եւ մի շարք հասարակական հատվածի ներկայացուցիչներ օրերս հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանին: Այսօր պարոն Մակարյանն ասաց, որ մի շարք առաջարկություններ են արել, որոնցից մի քանիսն արդեն տեղ են գտել կառավարության նիստի օրակարգում եւ դրանց մասին վարչապետը կառավարության երեկվա նիստում բարձրաձայնել է. «Եթե այսպես շարունակվի, ուրեմն հույս կա, որ ինչ-որ բան կփոխվի»:

Այդուհանդերձ պարոն Մակարյանը գտնում է, որ եթե անգամ այդ ամենը խաղ է, ապա` «Մենք էլ պետք է մտնենք խաղի մեջ, ճնշելով, սեղմելով ու առաջ քշելով պիտի մեր պահանջներն առաջ տանենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31