Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդուն բռնենք ու միանգամից պատժե՞նք, ինչի՞ համար». Վահրամ Բաղդասարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

Հոկտեմբեր 07,2016 15:02

Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս կառավարությանը հաջողվելու է այն, ինչ չհաջողվեց նախորդ երկու կառավարություններին: Այսօր այս առնչությամբ հարցին՝ ինչո՞վ է տարբերվում այս կառավարությունը նախորդներից՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց., որ շատ կտրուկ փոփոխությունները կարող են վտանգավոր լինել, նախ պետք ստեղծել հիմքերը, նոր անցնել փոփոխությունների:

Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցին՝ չե՞ք վախենում, որ ընդդիմությունն իր ձեռքը կվերցնի Վանաձորը՝ պատասխանեց. «Ովքեր քաղաքականության մեջ են, եթե պայքարի ջատագովներ են, նրանց վախը պորտի հետ կտրել, գցել են մի կողմ»:

Վահրամ Բաղդասարյանը ողջունեց ընդդիմության քայլը, բայց մտավախություն ունի, որ սա կարճատեւ համագործակցություն է. «Մեկ ամիս, 20 օր է տեւում նման միացումները: Մի հարցի շուրջ գալիս են ընդհանուր հայտարարի, առայժմ մեկ օր է, որ եկել են համաձայնության: Ես չեմ ուզում չարախոսել, որ Աստված տա, որ համաձայնությունը լինի»:

Մեր հարցին՝ իշխանությունները միշտ գովել են Սուրիկ Խաչատրյանին, նրա հասցեին շատ լավ բաներ են ասել, ի՞նչն է պատճառը, որ այդ շատ լավ աշխատող մարզպետին փոխարինեցին ինչ-որ մեկով՝ Վահրամ Բաղդասարյանը նախ ճշտեց, թե որտե՞ղ են ասել նրան աննմանը, որ նրա նմանը չկա: Թե ինչու փոխեցին՝ նա ասաց. «Սուրիկ Խաչատրյանը բավականին հաջողված մարզպետ էր: Արդեն իսկ կառավարության նոր մոտեցումների պարագայում կառավարության ղեկավարը, վարչապետը նպատակահարմար է գտել այդպես՝ համաձայնեցնելով իհարկե, նախագահի հետ: Անփոխարինելի որեւէ մեկը չկա ՀՀ-ում»:

Հարցին՝ այս պաշտոնանկությունների հետ կապված հարցադրում է հնչում, թե ինչու պատիժ չկա, բարեփոխումը բարեփոխում չի լինի, քանի դեռ նման անձանց չեն պատժում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ո՞ւմ պատժենք, մարդուն բռնենք ու միանգամից պատժե՞նք, ինչի՞ համար պատժենք: Այլ բան է, որ որեւէ քննություն լինի, ընթացք լինի եւ իրավաբանները տան իրենց մեկնաբանությունները: Եթե որեւէ մարդուն փոխարինում են որեւէ մեկով, անպայման պետք է պատժե՞ն, Լինչի դատաստա՞նը պետք է տեսնեն: Վերցնել եւ պատժե՞լ: Սրանից հետո ՀՀ-ում ով հանվում է աշխատանքից, պետք է միասնական քաղաքական ուժերով պատժե՞նք: Կարող եք քննադատել, ասել՝ ինչու չհաջողվեց նրան,սա այլ խնդիր է: Կառավարությունը պետք է այդ ճանապարհով գնա, յուրաքանչյուր գերատեսչությանը տա ինքնուրույնություն, որ ձախողման դեպքում պատասխանատվության կանչվեն դրանց ղեկավարները»:

Թե հիմա Սուրիկ Խաչատրյանին որտե՞ղ է տեսնում, ի՞նչ պաշտոն են տալու՝ նա պատասխանեց, որ Սուրիկ Խաչատրյանը կուսակցական է, որպես թիմի անդամ՝ իր գործունեությունը կշարունակի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31