Այսօր ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին Գագիկ Ծառուկյանից՝ ԲՀԿ-ականները հանդիպե՞լ են օրերս նրա հետ առանձնատանը կամ կոնյակի գործարանում: Նա պատասխանեց, որ շատերն ընկերական հարաբերություններ ունեն նրա հետ եւ պահպանում են՝ անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանը զբաղվո՞ւմ է քաղաքականությամբ, թե՞ ոչ. «Հանդիպում են, թե ոչ՝ դարձնել քննարկման առարկա, անհասկանալի է»:
Հարցին՝ որ հանդիպում եք նրա հետ, Ծառուկյանը կարոտո՞վ է խոսում քաղաքականության մասին, չի՞ պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, արդյո՞ք ստորագրություններ եք շարունակում հավաքել՝ նրան վերադարձնելու աղաչանքով՝ Լյովա Խաչատրյանը պատասխանեց, որ ստորագրություն չեն հավաքում. «Գագիկ Ծառուկյանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մտահոգ է իր երկրի ճակատագրով»:
Մենք ճշտեցինք՝ վերադառնալո՞ւ է, քաղաքականության մեջ նրա կարիքը կա՞՝ նա պատասխանեց. «Դա իրեն պետք է հարցնեք՝ վերադառնալու է, թե՞ ոչ: Հանդիպումների ժամանակ ժողովուրդը այդ հարցը բարձրացնում էր, հետեւաբար ժողովուրդը զգում է նրա կարիքը»:
ԲՀԿ տարածքային կառույցներում կուսակցության առաջնորդի տեղում փակցված է դեռեւս Գագիկ Ծառուկյանի նկարը: Լյովա Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ «Նա մեր կուսակցության հիմնադիր նախագահն է: Կարծեմ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի նկարը ՀՀԿ-ում հաճախ, միգուցե միշտ ներկայացված է: Լենինի արձանը կոմունիստները միշտ ներկայացնում են: Եվ զարմանալ, որ կուսակցության հիմնադիր նախագահի նկարը կառույցներում ներկայացված է, կարծում եմ, այստեղ տարօրինակ բան չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Լրագրողները ճշտեցին՝ խոսքն այն մասին է, թե ինչո՞ւ ԲՀԿ գործող նախագահի նկարը չկա, փոխարենը՝ Ծառուկյանի նկարն է:
Հարցին՝ խորհրդարանական ընտրություններն առանց Գագիկ Ծառուկյանի ինչպե՞ս եք պատկերացնում՝ նա պատասխանեց, որ ՏԻՄ ընտրություններին զգալի հետընթաց կար, բայց քաղաքական թիմը կարողացավ նման բարձր արդյունք գրանցել քարոզարշավի արդյունքում՝ դա ցույց է տալիս, որ թիմը մարտունակ է: Իհարկե, Գագիկ Ծառուկյանով կամ առանց նրա տարբերությունը պետք է լիներ զգալի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ