Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ընդդիմադիրների դաշինքին խանդելու մասին

Հոկտեմբեր 07,2016 14:25

«Մենք առայժմ տեսնում ենք կառավարություն, որը որեւէ տեսլական կամ հեռանկար չի առաջարկում: Ոչ կոնկրետ խոստումներին ինչ-որ հաջողությունների մասին, բնականաբար, մենք վստահություն չենք կարող ընծայել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հարցին՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների հետ կապված Հովհաննես Մարգարյանն ասել է, որ ավագանու նիստերը բոյկոտելու պայքարին կմիանան նաեւ այլ ընդդիմադիր ուժեր եւ որ այն ուժերը, որոնք 6 տոկոսը չեն հաղթահարել՝ դիմել են իրենց, արդյո՞ք ՀԱԿ-ը դիմել է ԳԱԼԱ, ՀՎԿ, ԲՀԿ դաշինքին՝ իրենց սատարելու հարցում: Նա պատասխանեց. «Միակ բանը, որ եղել է, ընտրությունների մյուս օրը Հովիկ Մարգարյանը այցելել է Գյումրիի մեր գրասենյակ, խնդրել է, որ մենք աջակցենք ընտրությունների բողոքարկման հարցով: Մենք էլ ասել ենք, որ այդ հարցով կմիանանք, պրոբլեմ չկա: Դրանից հետո որեւէ այլ քայլ չի հետեւել»:

Վանաձորում 3 ընդդիմադիր ուժերի համաձայնության հետ կապված հարցին՝ ՀԱԿ-ը, որպես ընդդիմադիր, խանդով չի՞ վերաբերվում, ըստ էության, ՀԱԿ-ի դերակատարությունը չկա այլեւս՝ նա պատասխանեց. «Ես սիրային կամ սիրավեպերին վերաբերող էպիտետներ՝ մակդիրներ չէի կիրառի քաղաքականության մեջ: Գյումրիում եւ Վանաձորում անցկացված բավականին կեղտոտ եւ կլանային ընտրությունների, ՀՀ-ում կոռումպացված ընտրական գործընթացի վերաբերյալ արդեն մեր գնահատականը տվել ենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱԿ-ը ՏԻՄ ընտրություններին խայտառակ արդյունքներ գրանցեց, սպասո՞ւմ էիք նման արդյունքների՝ նա պատասխանեց, որ բոլոր գնահատականներն արդեն տրված են եւ չի ուզում կրկնվել:

Հարցին՝ եթե վստահ եք, որ նոր կառավարությունը որեւէ տեսլական չունի, այդ դեպքում Կարեն Կարապետյանի առաքելությունը ո՞րն է՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ միգուցե կփորձի ՀՀԿ-ն մեղմել սոցիալական լարվածությունը. «Նման քայլերը ժամանակավոր եւ սահմանափակ արդյունքներ տալիս են: Մարդիկ սիրում են գոնե կադրային փոփոխություններ: Կառավարությունից հեռացվել են օլիգարխիկ համարում ունեցող մարդիկ, Սուրիկ Խաչատրյանին հեռացրեցին: Իրենք փորձում են ռեժիմի ավելի մարդկային դեմք ստեղծել: Դա է այս պահին ուրվագծվում: Մենք մեր կասկածներն ենք հայտնել, որ ընդհանրապես որեւէ բան հնարավոր է անել, այս կոռումպացված համակարգում փոխել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31