Պատասխանատու ղեկավար աշխատակիցը՝
ոլորտի ձեռքբերումների եւ խնդիրների մասին
ԱՎ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այսօր փոխվել են գրադարանների գործառույթները, եւ իրենց գրադարանը դարձել է իսկական մշակութային օջախ, որտեղ իր ամենօրյա շուրջ 1000 ընթերցողով կարողանում է իրականացնել Երեւան քաղաքի բնակչության գրադարանային -տեղեկատվական սպասարկումը, գիտության եւ մշակույթի լուսաբանումը, տեխնիկական գիտելիքների տարածումը, գեղագիտական դաստիարակության, կրթական համակարգի գործունեության տարածման օժանդակումը: Նրա ձեւակերպմամբ. «Գրադարանը հագեցած է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս անվճար օգտվել համացանցից: Այսօր ձեւավորվել է ընթերցանության նոր մշակույթ` թղթային եւ էլեկտրոնային տարբերակով եւ ընթերցողն ինքն է որոշում ինչպես օգտվել: Գրադարանն այսօր ընթերցողին է դիմավորում էլեկտրոնային կատալոգով եւ սպասարկման էլեկտրոնային «Էլգրադ» ծրագրով:
Էլեկտրոնային կատալոգը տնտեսելով ընթերցողի համար թանկ ժամանակը, հնարավորություն է տալիս ընթերցողին տեղեկանալու նաեւ այն գրքի գտնվելու վայրի մասին, որը չունի մեր գրադարանը: Ընթերցողը նաեւ ամբողջ օրվա ընթացքում կարող է տնից առցանց տարբերակով պատվիրել գրականություն: Իր ամենօրյա աշխատանքում գրադարանը իրականացնում է կրթական, մշակութային, դաստիարակչական գործառույթներ, որի վառ ապացույցներն են օտար լեզուների անվճար դասընթացների կազմակերպումը եւ խմբակների գործունեությունը, որոնք իրականացնում են համապատասխան դեսպանատների կողմից լիազորված կամավորները, որը վկայում է համագործակցությունների լայն համակարգը: Ինչ վերաբերում է մշակութային գործառույթին, ապա պարբերաբար գրադարանում կազմակերպվում են հանդիպումներ գրողների, մտավորականների, մշակույթի գործիչների հետ: Գրադարանում գործում է «Իսահակյան» թատերախումբը, որը մասնակցել է մանկապատանեկան թատերական փառատոներին եւ արժանացել բարձր պարգեւների, «Գրքամոլների» ակումբը, որի անդամները խելացի երիտասարդներ են` իրենց մարտահրավերներով եւ խնդիրներով: Այսպիսով, գրադարանը կարծես մի խաչմերուկ է՝ աշխատանքային բոլոր բնագավառների, բոլոր տարիքի ընթերցողների համար, որը լավ, կազմակերպված աշխատանքի շնորհիվ մագնիսի նման իրեն է ձգում ազգաբնակչությանը: Գրադարանն ունի տարբեր հասցեներում տեղակայված բաժիններ եւ մասնաճյուղեր, որոնք նույնպես մասնակցում են էլեկտրոնային կատալոգի ձեւավորմանը, իրականացնում են վերը նշված գործառույթները, իսկ արդեն 2017թ. գրականության սպասարկումը կիրականացնեն էլեկտրոնային «Էլգրադ» ծրագրով»:
Մեր դիտարկմանը, որ տոնական օրերին ընդունված է խոսել դրական թեմաներից, բայց ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնցից մեկն էլ գրադարանավարների՝ հանրապետությունում ամենացածր աշխատավարձն է, տիկին Բարսեղյանը պատասխանեց. «Իհարկե, այսօր գրադարանավարները վճարվում են աշխատավարձի ամենացածր սանդղակով: Այս պատասխանատու մասնագիտությունը, որի կրողներն ենք մենք, պետության կողմից կարծես անտարբերության է մատնված եւ մենք` գրադարանավարներս, միշտ խորհում ենք՝ ինչու արտասահմանյան գրադարանավարների աշխատանքները գնահատվում են շատ ավելի բարձր, քան մեր երկրում: Այստեղ խոսում է նաեւ գրադարանավարի արժանապատվությունը, որը ոտնահարվում է բազմիցս: Ի դեպ, առիթ եմ ունեցել լինել տարբեր երկրներում եւ հիանալ գրադարանավարի նկատմամբ այդ երկրների բարձր վերաբերմունքով: Մեր պարագայում, եթե խոսում ենք ամուր, զարգացած պետության մասին, խնդրում եմ չանտեսել գրադարանավարների եւ գրադարանների դերը եւ հոգեւոր ներդրումները: Գրադարանավարները մշակույթի, գիտության, կրթության անխոնջ մշակներն են եւ համբերատար սպասում են արժանի վերաբերմունքի: Թող գրադարանավարի օրը լինի արժանի վերաբերմունքը ազդարարող, հնչեցնող օրվա սկիզբը: Սիրով շնորհավորում եմ նաեւ իմ հարգելի կոլեգաներին Գրադարանավարի օրվա առթիվ, մաղթում ամենայն բարիք»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
07.10.2016