European Values Think-Tank եւ Semantic Visions կազմակերպությունները ներկայացրել են համատեղ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք արտացոլում են, թե ինչպես է ռուսական քարոզչությունը ներկայացնում եվրոպական առաջնորդներին:
Մասնավորապես, հետազոտությունների ընթացքում վերլուծվել են 2014 թվականի հունվարից մինչև 2016 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կատարված 59 միլիոն հրապարակումներ ավելի քան 22 հազար աղբյուրներից:
Մերկել և Օլանդ
Այս ահռելի ծավալով նյութերի վերլուծությունները ցույց են տվել, որ ռուսական քարոզչությունը որպես Եվրամիության առաջնորդների է ներկայացնում առավել մեծ երկու երկրների՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջին դեմքերին, որոնց և «պատիվ է վերապահում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործ ունենալ:
Կարդացեք նաև
Առավել մեծ դերակատարում ռուսական լրատվամիջոցները տալիս են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որի անունը մի քանի անգամ ավելի շատ է շրջանառվում «ռուսական եթերում», քան, oրինակ, համաեվրամիութենական պաշտոնյաների անունները, օրինակ, Եվրահանձնաժողովի նախագահ ժան-Կլոդ Յունկերինը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկինը կամ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիինը:
Սրա հետ մեկտեղ, ռուսական մամուլում լայնորեն լուսաբանվում է Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդ, ծայրահեղ աջական Մարին Լե Պենի գործունեությունը, ինչպես նաև առանձնակի ուշադրություն է ցուցաբերվում գերմանական Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերին, որը ևս աջական գործիչ է։
Ռուսամետները
Բացի սա, հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ռուսական լրատվամիջոցները փորձում են ավելի մեծ նշանակություն տալ այն եվրոպական քաղաքական գործիչներին, որոնք այս կամ այն կերպ աջակցում են ՌԴ նախագահ Պուտինին: Մասնավորապես, այս երևույթը հանգեցրել է նրան, որ ռուսական լրատվամիջոցներում գերիշխում են մի շարք արևելաեվրոպական առաջնորդներ, ինչպես, օրինակ, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Այս երկրների ղեկավարների անունները ռուսական քարոզչությունը շրջանառում է այնքան, ինչքան Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիինը, որը նույնպես ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ՌԴ նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու օգտին:
Ամփոփելով սա՝ նշենք, որ ռուսական քարոզչությունը, շրջանցելով Եվրամիության կառույցների դերը եւ քաղաքական պատասխանատվությունը թողնելով կոնկրետ գործիչների, իր ներքին լսարանի համար առավել լսելի է դարձնում հատկապես նրանց, որոնց ձայնն ավելի ընդունելի է իր համար: Միևնույն ժամանակ, ռուսական ԶԼՄ-ների նման գործելաոճը ուղղակիորեն մատնացույց է անում այն, որ դրանք լիովին գտնվում են Կրեմլի վերահսկողության տակ ու ծառայում են դրա քարոզչությանը։
Նկատենք նաև, որ Ռուսաստանը, այսօրինակ տեղեկատվական քաղաքականությամբ հանդերձ, երբ, փաստացի, անտեսվում է եվրոպական բյուրոկրատական համակարգը, մշտապես դժգոհում է, երբ լուրջ չէ արտաքին աշխարհի վերաբերմունքը եվրասիական բյուրոկրատական համակարգին: Եվրասիական խոշոր ինտեգրացիոն ծրագրերը, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միությունը կամ ՀԱՊԿ-ն, արտաքին աշխարհում ընկալվում են իբրև «պուտինյան կառույցներ»՝ մոտավորապես այնպես, ինչպես ռուսական քարոզչությունն իր ներքին լսարանին է հրամցնում եվրոպական ինտեգրացիոն նախագծերը:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»