Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում մասնակցել է բարեգործական միջոցներով և պետական աջակցությամբ կառուցված՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցական նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը և շնորհավորել ուսուցիչների մասնագիտական տոնը:
Շնորհավորելով համայնքի բնակչությանը դպրոցական նոր շենքի բացման կապակցությամբ՝ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքի հիմնախնդիրները, և առաջիկայում այնտեղ նոր ծրագրեր են իրականացվելու բնակարանաշինության և շրջկենտրոնին կապող ճանապարհի բարեկարգման ուղղությամբ: Գործադիր իշխանության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել «Հայրենասեր» հասարակական կազմակերպությանը՝ Քաշաթաղի շրջանի թվով արդեն երրորդ համայնքում դպրոցական շենքի կառուցման նպատակով հիմնական միջոցների հանգանակման համար:
«Տասնամյակներ շարունակ այս տարածքներում վերացել էր հայ խոսքը, իսկ հայկական հինավուրց եկեղեցին քոչվորների կողմից գոմի էր վերածվել: Վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում մեզ կրկին հաջողվել է մեր հայրենիքի այս հատվածում վերականգնել հայկական շունչը, որտեղ արդեն հայ մանկան ճիչ է լսվում: Ուստի, կառավարությունը շարունակելու է այս տարածքների զարգացման ուղղությամբ հետևողական քաղաքականություն վարել՝ տնտեսական ակտիվությունը, ժողովրդագրական աճն ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը համարելով որպես հիմնական ուղենիշներ»,- ասել է Ա. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Կառավարության ղեկավարը նաև շնորհավորել է հանրապետության բոլոր ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, իսկ Հերիկի դպրոցական նոր շենքը նա խորհրդանշական նվեր է որակել դպրոցի ուսուցչական կազմի համար: Տոնի առթիվ Ա. Հարությունյանը ծաղկեփնջեր է հանձնել դպրոցի ուսուցչուհիներին՝ նրանց մաղթելով բեղուն աշխատանք իրենց կարևոր առաքելության մեջ:
Ելույթներով հանդես են եկել նաև «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, Քաշաթաղի շրջանային վարչակազմի պատասխանատուներ, համայնքի ներկայացուցիչներ: Հրապարակվել է, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի համապատասխան դիմումի համաձայն, շրջվարչակազմի ղեկավարի կայացրած որոշումը, որով Հերիկի դպրոցն անվանվել է մարտական դիրքը պաշտպանելիս հերոսաբար զոհված և հետմահու «Արցախի հերոս»-ի ԼՂՀ բարձրագույն կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի անունով: Միջոցառման ընթացքում գեղարվեստական գեղեցիկ կատարումներով հանդես են եկել գյուղի դպրոցականները:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին