Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանին լրագրողները հարցրեցին՝ ՏԻՄ ընտրություններին, որ համաձայնության եք եկել «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ ու պատրաստակամություն եք հայտնել աջակցելու, կարո՞ղ է էլի քաշեք, ինչպես 2008-ին
Նա պատասխանեց. «Այն, որ հասարակությունը շատ դրական է ընդունում Վանաձորում երեք քաղաքական ուժերի համագործակցության փաստը, որ իսկապես ամբողջ ֆեյսբուքը աջակցության հայտարարություններով է լցված՝ սա միանշանակ է: Ես ձեր հարցը դիտարկում եմ՝ որպես սեւ քարոզչության ձգտում: 2008-ի հետ կապված մենք մեր դիրքորոշումները բազմիցս արտահայտել ենք: Դա քայլ էր, որն ուղղված էր խուսափելու համար էլ ավելի մեծ զոհերից, արտաքին վտանգից: Մոտեցումը ներկայացվել է հասարակությանը եւ հասարակությունը գալով ավելի ըմբռնումով է մոտենում: Մենք ասել ենք, որ Վանաձորում պաշտպանում ենք «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին»:
Վանաձորում ՀՎԿ թեկնածու Արկադի Փելեշյանի հետ կապված միջադեպի առնչությամբ հարցին՝ երբ նրան թեկնածու էիք առաջադրում, տեղյա՞կ էիք, որ նա մականունավոր քրեական հեղինակություն է, ում դեմ այժմ քրեական գործ կա՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մականունավոր չէ, ժողովրդական մարդ է ավելի շատ: Մենք եղել ենք Վանաձորում, հանդիպում ենք ունեցել քաղաքացիների հետ, մարդիկ սիրում են Արկադի Փելեշյանին այն պարզ պատճառով, որ մշտապես կանգնել է ամենաաղքատ խավի կողքին, օգնել է իր հնարավորությունների շրջանակներում՝ մանկապարտեզներին, ծերերին: Նա անձնավորություն է, որին շարքային քաղաքացիները սիրում եւ հարգում են: Սա է Արկադի Փելեշյանի կերպարը, որն ընդունում են վանաձորցիները»:
Ծեծի հետ կապված Մհեր Շահգելդյանն ասաց, որ հակասական լուրեր է շրջանառել մամուլը. «Ասում էին՝ հոսպիտալացվել է, հետո պարզվեց, որ ստուգել են, ասել են՝ ոչ մի խնդիր չկա: Ճոխ ձեւակերպումներ էին տալիս, քան թե իրականում կա: Թող քննություն ընթանա եւ ամեն ինչ պարզվի: Ուղղակի ուռճացված է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ տեսանյութերը տեսել է, երեւում է, որ մտել է մարդու սենյակ եւ ոչ ավելին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ