«ՏԻՄ ընտրությունները ցանկալի է, որ լինեն քաղաքական ընտրություններ՝ քաղաքական օրակարգով: Տեղական խնդիրները պահանջում են քաղաքական լուծումներ: Այդ երեք կուսակցությունների քաղաքական օրակարգը պետք է տարբերվի ՀՀԿ-ի քաղաքական օրակարգից: Իսկ այսօրվա թիվ մեկ օրակարգը ՀՀ-ում համակարգային փոփոխությունն է: Ես չգիտեմ՝ իրենք պատրա՞ստ են համակարգային փոփոխությանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համաձայնության հետ կապված հարցին այսպես պատասխանեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հարցին՝ այդ կուսակցություններին համարո՞ւմ եք ընդդիմություն՝ նա պատասխանեց, որ սեպտեմբերի 21-ին իրենք Հայկական պետականության վերաբերյալ հռչակագիր են հրապարակել. «Եթե կան կուսակցություններ, որոնք ընդունում են մեր հրապարակած պետականության հռչակագրի դրույթները, ես նրանց կճանաչեմ ընդդիմություն, եթե պատրաստ են սպասարկել այս հռչակագրի դրույթները»:
Նա ասաց, որ ՀՀՇ-ն ձեւափոխվեց ՀՀԿ-ի, ՀՀԿ-ն էլ կարող է ձեւափոխվել, այլ անուն ունենալ, բայց եթե նույն ռեժիմին են սպասարկում, նույն քաղաքականությանը, որեւէ խնդիր չի լուծվելու այդ ամենի արդյունքում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ