Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի. The National Interest

Հոկտեմբեր 07,2016 13:50

Անհնազանդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվար է մարդկանց զարմացնել: Փոքրիկ այդ ազգի 150 հազար բնակիչները ստիպված են եղել սպասել անսպասելին, ընկնել անվերջ քաղաքական լիմբոյի մեջ՝ որպես մի երկրի քաղաքացիներ, որը տեխնիկապես գոյություն չունի, որպես երկու տասնամյակ ձգվող մարտիկներ մի հակամարտության մեջ, որը հազիվ թե երբևէ խորագիր դառնար: Բայցևայնպես, նման բան տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, ամերիկյան The National Interest հեղինակավոր պարբերականում գրում է լրագրող Միցա Սպանգլերը:

«Ապրիլյան պատերազմն իսկական անակնկալ էր մեզ համար»,- երկրի անկախության 25-ամյակից հետո լրագրողին ասել է ԼՂ արտգործնախարարը:

Տոնը հաղթական, բայց մռայլ միջոցառում էր: Ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ շուրջ 100 զինվորների մահը խամրեցնում էր զանգվածային շքերթի ու հրավառության փայլը, գրում է Սպանգլերը:

Ադրբեջանի հասցրած հարվածների ուժգնությունը ցնցեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը: Դա սխալ էր, որը կրկնելու իրավունք չունեն:

«Մենք ակտիվորեն ուժեղացնում ենք մեր ճակատը,- ասում է ԼՂ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը:- Ապրիլին մենք առաջնագծում բավականաչափ տեսախցիկներ չունեինք: Այժմ մենք տեղադրում ենք ժամանակակից C4ISR համակարգեր, որոնք մեզ թույլ կտան որոշակի խորությամբ ամբողջությամբ հետևել առաջնագծին»:

ԼՂ իշխանությունները պնդում են, որ նոր համակարգերի միջոցով իրենք կկարողանան զգալիորեն նվազեցնել Ադրբեջանի կողմից հանկարծակի հարձակման հնարավորությունը, քանի որ Ադրբեջանի տարածքում որոշակի խորությամբ ցանկացած շարժ կգրանցվի տեսախցիկների կողմից և հնարավորություն կտա ԼՂ բանակին պատրաստվել ամուր պաշտպանության և հակահարձակման:

Ավելին, Ռուսաստանից ստացվող լրացուցիչ ռազմական օգնությունը ճանապարհին է: Սեպտեմբերի 7-ին Հայաստանի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Մոսկվան համաձայնել է 200 մլն դոլար վարկով նոր սպառազինություն վաճառել Հայաստանին: Գործարքը ստորագրվել էր ապրիլյան պատերազմից դեռ շատ առաջ, մինչդեռ զենքը գալիս է ամիսներ հետո, իսկ այդ ընթացքում Հայաստանը նայում էր, թե ինչպես է իր հարուստ հարևանը հզորացնում իր ռազմական կարողությունները:

Նավթով հարուստ Ադրբեջանը իր ռազմական ծախսերը ռեկորդային չափերի է հասցրել՝ գնելով միլիարդավոր դոլարների ռուսական զենք, շարունակում է Սպանգլերը: Շուրջ 9.5 մլն բնակչություն ունեցող այդ երկիրը միայն 2015թ. գրեթե 5 մլրդ դոլար է հատկացրել ռազմական ծախսերին:

Մինչ Լեռնային Ղարաբաղում լռում են այն հարցի շուրջ՝ արդյոք նոր զենքն ուղղակիորեն կօգտագործվի իր սեփական զինված ուժերում, տարածաշրջանի փորձագետները կարծում են, որ նոր սարքավորումները ինչ-որ առումով ճանապարհ կհարթեն ԼՂ դե ֆակտո անկախության համար:

Ըստ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի՝ «ոչ մի տարբերություն չկա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև»: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ռազմական ուժերը միավորված են, այլ կերպ ասած՝ Հայաստանի ռազմական գնումները հենց Ղարաբաղի համար են:

Թվում է՝ երկար ժամանակ չի պահանջվի, երբ ձեռք բերված սարքավորումները և զենքերը նորից գործի կդրվեն, եզրակացնում է լրագրողը:

Ըստ վարչապետի խոսնակի՝ ապրիլի հանկարծակի հարձակումն ուներ տարբեր դրդապատճառներ՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական: «Ադրբեջանի համար դա շատ ճիշտ ժամանակ էր՝ փորձելու օգտագործել ռազմական անհավասարակշռությունը Հայաստանի (և Ղարաբաղի) ու Ադրբեջանի միջև: Այդ ժամանակ Ադրբեջանը ավելի շատ սպառազինություն էր ստացել, իսկ Հայաստանը նոր սպառազինություն չէր ստացել: Ադրբեջանը դա գիտեր, և նրանք փորձեցին օգտագործել այդ հնարավորությունը»,- ասում է Արտակ Բեգլարյանը:

Քանի դեռ ռազմական անհավասարակշռությունը պահպանվում է, պահպանվում են նաև դա օգտագործելու պատճառները: Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի ընդունումից հետո, որը երկարաձգում է Ալիևի իշխանությունը, և արագ նվազող տնտեսության պայմաններում Լեռնային Ղարաբաղին սպառնում է նոր հարձակման վտանգ:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսվի, «այն կլինի միգուցե մինչև տարեվերջ»:

Եթե նման բան պատահի, դա կնշանակի 9 ամսվա ընթացքում երկու մահացու բախում Լեռնային Ղարաբաղի համար: Դա նաև կազդի քաղաքացիների ոգու վրա, բայց դա վերջնականապես կհիշեցնի աշխարհին, որ երկար ժամանակ անտեսված սառեցված հակամարտությունն արագորեն սկսել է տաքանալ, եզրափակում է Միցա Սպանգլերը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31