Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը դառը փորձ ունի եւ կասկածում է, որ ընդդիմությունը կհամախմբվի

Հոկտեմբեր 07,2016 13:42

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, որ այս կառավարությունը կանի այն, ինչ չհաջողվեց անել նախորդ կառավարություններին՝ ասաց. «Այս կառավարությունը դատարկ տեղը չի եկել: Նոր վարչապետն իսկապես տաբուներով չկաշկանդված՝ լրջագույն փոփոխությունների գործընթաց է սկսել: Սա մենք ասում ենք՝ մեջը լինելով»:

Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ երկրում ստեղծված վիճակն է ստիպել իշխանություններին լուրջ փոփոխությունների գնալ եւ հենց դրա համար հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը՝ ասելով, որ գնում է, որ դուռ բացվի փոփոխությունների համար. «Ծայրաստիճան ծանր վիճակը ստիպեց»:

Վանաձորում ՏԻՄ ընտրությունների շուրջ ընդդիմության ձեռք բերած համաձայնության մասին Արմեն Ռուստամյանն ասաց, որ բոլոր խաղաքարտերն այսօր ընդդիմադիր դաշտի ձեռքում են: Վերջապես ոչ իշխանական ուժերը կարող են փոփոխություն կատարել. «Ուրախ եմ, որ այդ համաձայնությունը կա, բայց ես դառը փորձ ունենալով՝ չէի շտապի: Այս համաձայնությունը առնվազն 18 ձայն պետք է նշանակի, քվեատւփերը կբացվեն եւ ես իսկապես ուզում եմ 18 ձայն ընդդիմության օգտին տեսնել, եթե քվեարկած լինեն»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք էլ հենց դա են ուզում, որ հակակշռման եւ զսպման իրավիճակներ լինեն. «Ես սա համարում եմ լավ նախադեպ: Բայց լավ կլինի, որ այդ լավ նախադեպն ինչ-որ ինտրիգներով, ներքին խնդիրներով չձախողվի»:

Մեր հարցին՝ կարո՞ղ է «հակակշիռները» այնքան հաջողության հասնեն, որ նորից դառնաք ընդդիմություն՝ նա պատասխանեց. «Եթե հետեւել եք մեր պահվածքին, ՀՅԴ-ի պահվածքը չի փոխվում, անկախ նրանից՝ ընդդիմություն է, թե իշխանություն: ՀՀԿ-ի հետ մենք հասել ենք նրան, որ այս փոփոխությունները լինեն: Սահմանադրության փոփոխությունների պտուղները վայելում են, բայց ոչ ոք չի ամաչելու, որ ՀՅԴ-ին քարկոծում էին: Սա տխուր ավանդույթ է: Վանաձորում ինչ եղավ՝ դրա արդյունքն էր, կլինե՞ր այս իրավիճակը, բա քի՞չ բան է սա, որ բերել է նրան, որ մի քաղաքում ընդդիմությունն ունենա իշխանություն: Նույնը արեք, որ խորհրդարանական ընտրություններին լինի: Գնացքը իր գծերով գնալու է, այդ մեխանիզմները գործելու են, ով ընդունեց՝ հասկացավ, էդ գնացքում տեղ ունի: Ով չէ՝ թող չխանգարի, ռելսերի վրա անկապ պառկի, պայթուցիկ միջոցներ կիրառի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31