Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազուն Ալվրցյան. «Հիմա գնա Ջավախք, ասում են`Սահակաշվիլին փառք չէ՞ր»

Հոկտեմբեր 07,2016 13:38

Վաղը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում մասնակցում են 20 կուսակցություն եւ դաշինք, որոնցից 8-ը պետք է անցնի խորհրդարան: Փորձագետները հստակ են համարում` երկու դաշինք անցնելու են`Բիձինա Իվանիշվիլիի կողմից անուղղակի ղեկավարվող «Վրացական երազանքը» եւ Միխայիլ Սահակաշվիլիի կողմց անուղղակի ղեկավարվող «Միացյալ ազգային շարժումը»:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ հիմա շատ ավելի ժողովրդավարական վիճակ է Վրաստանում, քան 2012-ին էր: Այսօր «Հայելի» ակումբում ներկայացնելով իր դիտարկումները Վրաստանում կայանալիք ընտրությունների մասին՝ նա նկատեց նաեւ, որ հայերի թիվն այս անգամ վրացական խորհրդարանում կկրճատվի, քանի որ մեծամասնականների թվաքանակի բաշխումն այլ կարգով է ընթանալու: Արդյունքում Ախալքալաքն ու Նինոծմինդան մեկ թեկնածու կունենան, նախկին երկուսի փոխարեն: Հայ պատգամավորների ընդհանուր թիվը նախկինում երեքն էր, հիմա`կլինի երկուսը: Ադրբեջանցիները հավանաբար հինգ պատգամավոր կունենան:

Փորձագետ  Հայկազուն Ալվրցյանը, ի հակադրություն սրան, նկատում է` կուսակցությունների համամասնական ցուցակներում մեկ տասնյակից ավելի անուններ են շրջանառության մեջ դրված: Անգամ 19-րդ եւ 35-րդ տեղերում: «Հայերի թիվը երբեք էլ վրացական խորհրդարանում վճռորոշ չի եղել ու այդ պատգամավորները երբեք էլ հայանպաստ չեն գործել: Հենզել Մկոյանն արդեն չորրորդ անգամ պետք է ընտրվի`իշխող կուսակցության կողմից: Այսինքն, Ջավախքի հետ այս մարդն ընդհանուր բան չունի, ով իշխող է եղել, նա այդ ուժի ներկայացուցիչն է եղել: Անգամ Ցեղասպանության հարցով որեւէ միջոցառում կամ նախաձեռնություն երբեք չեն ցուցաբերել հայ պատգամավորները»,- ասաց  Հայկազուն Ալվրցյանը:

Ըստ փորձագետի, Վրաստանի այս ընտրությունները հետաքրքիր են նրանով, թե ի՞նչ կողմնորոշման մարդիկ կընտրվեն. «Թե Սահակաշվիլին, թե Իվանիշվիլին արեւմտամետ են, ուստի հետաքրքիր է, թե ով ի՞նչ տոկոսներ կապահովի, ռուսամետ ուժերն ի՞նչ դիրքում կլինեն»: Նա կոալիցիոն կառավարում է կանխատեսում: Ասում է, որ հիմա վիճակը լարված ու սրված է, քանզի երկու ուժերն էլ հասկանում են, որ հիսուն տոկոս չեն կարող հավաքել:

«Այս ընտրության ինտրիգը նաեւ թափանցիկ ընտրությունների անցկացումն է: Նախորդ ընտրություններում աննախադեպ փաստ գրանցվեց`ընտրություններով Վրաստանում իշխանություն փոխվեց: Սահակաշվիլին չօգտագործեց իր լծակները: Իվանիշվիլին կպահի՞ այս ավանդույթը`վաղը կերեւա: Իվանիշվիլիի իշխանությունը չարդարացրեց ոչ վրաց ժողովրդի, ոչ էլ ազգային փոքրամասնությունների հարցը: Եթե Սահակաշվիլիի ժամանակ ազգային փոքրամասնությունները սպասելիք չունեին էլ, քանի որ Սահակաշվիլին կոշտ էր, Իվանիշվիլին խոստումներ տվեց ու չարեց»,- ասում է  Հայկազուն Ալվրցյանը`հավելելով, որ ամեն դեպքում Միխայիլ Սահակաշվիլին լուծեց մարզերի սոցիալ-տնտեսական հարցերը, ի տարբերություն Իվանիշվիլիի:

Հայկազուն Ալվրցյանն, ի դեպ, Սահակաշվիլիի երկրպագուներից չէ ու չնչին է համարում հինգ միլիարդ դոլարի յուրացման մեղադրանքը, որը առաջադրում են Վրաստանի նախկին նախագահին: Բայց փաստում է. «Հիմա գնա Ջավախք, ասում են`Սահակաշվիլին փառք չէ՞ր»: Հրանտ Միքայելյանը չի կիսում այս մոտեցումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31