Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է խոսել մահից առաջ զինծառայողը ծնողների հետ. Կա ձայնագրություն

Հոկտեմբեր 07,2016 13:32

«Մենք եղել ենք այն զորամասում, որտեղ ծառայել է Արսենը: Զրուցել ենք զինծառայողների հետ եւ պարզել, որ Արսենն իր մահվանը նախորդող օրերին հոգեպես ճնշված վիճակում է եղել»,- այսօր «Հենարան» ակումբում պատմեց Տավուշի մարզում Շամշադինի զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Ըստ նրա, իրենց այցելության ժամանակ պարզել են, որ զորամասում իրավիճակը լարված է եղել. «Համակողմանի վերլուծությամբ հանգել ենք նրան, որ Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, որոնք մինչ օրս հայտնաբերված չեն, նրանք կարող են ունենալ ազդեցիկ հովանավորներ, որոնք անում են հնարավորը, որպեսզի Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտվեն: Այդ հովանավորը բարձրաստիճան սպա է»:

Արսեն Մխիթարյանը, երբ մահվանը նախորդող օրերին զանգահարել էր ծնողներին, հեռախոսազրույցը ձայնագրվել է, այժմ կցված է քրեական գործին: Զրույցի բովանդակությունը փաստաբանը չցանկացավ ներկայացնել, ասաց՝ նախաքննական գաղտնիք է:

Պարոն Նորիկյանը պատրաստվում է նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազին եւ անուններ տալ, խնդրել համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել:

Նախաքննությունից պարոն Նորիկյանը գոհ չէ, նույնիսկ հասցրել է բացարկ հայտնել քննչական խմբին, բայց անարդյունք. «Նաեւ Քննչական կոմիտեի նախագահին հորդորում ենք իրականացնել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: Պաշտպանության նորանշանակ նախարարին հորդորում եմ հանձնարարել ուսումնասիրել, թե առհասարակ ինչպիսի բարոյահոգեբանական վիճակ է տիրել տվյալ զորամասում: Հետագա ողբերգություններից խուսափելու համար հուսով ենք, որ հետամուտ կլինեն»:

Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Ըստ ՔԿ տվյալների՝ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31