Խորհրդարանի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վերլուծելով իրավիճակը, այս օրերին հնչած հայտարարությունները՝ համոզվել է, որ Հայաստանի տնտեսությունն իրապես վատ վիճակում է, բացի այդ՝ նաեւ քաղաքական ճգնաժամ կա Հայաստանում: «Խոսքերը հիանալի են, հոյակապ, բայց ոչ ոք չի ասում թե ով ինչ չի արել, որ վատ է ու ինչ պիտի արվի, որ լավանա»,- «Հայելի» մամուլի ակումբում իր դիտակումներն այսօր ներկայացրեց նա: «Սպասեք ծրագիրը կլինի`կիմանաք»,- հորդորեց նրա ընդդիմախոս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Խոսելով կադրային փոփոխությունների մասին, Վիգեն Խաչատրյանն ասում է, որ կադրերն ընտրվում են անձնական նվիրվածության սկզբունքով: Մկրտիչ Մինասյանին դա դուր չեկավ, փորձեց միջամտել, որ մարդու կարողությունները հաշվի առնելով են կադրերն ընտրվում: «Կամ նախագահին նվիրվածության, կամ վարչապետին»,- շարունակեց Վիգեն Խաչատրյանը`հավելելով, որ կադրերի նշանակման այլ տրամաբանություն ինքը չի տեսնում, առավել ևս՝ հրապարակային քննարկումներ չի տեսնում:
«Առողջապահության նախարարությունը դարձել է Հայաստանի որբի գլուխը: Եթե կառավարությունը հիմնվել է այդ Հարկային օրենսգրքի վրա, նա ոչ մի լավ բանի չի հասնի»,- շարունակեց նա. «Ես դատող մարդ եմ ու տեսնում եմ, որ ինչ-որ ասում են չի լինելու»:
Տնտեսության զարգացման համար, ըստ նախկին պատգամավորի, պետք է առաջին պայմանը լինի`օրենքի առաջ բոլորը հավասար լինեն: Բայց օրինակ է բերում Վանաձորում «Հայկական վերածնունդի» ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի «սարքած ծեծը», որը փորձում է ներկայացվել քաշքշոց:
Կարդացեք նաև
Վիգեն Խաչատրյանը շատ լավ քայլ է համարում Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելը, բայց տեսնում է, թե ում են դնում տեղը. «Գրում են`Սյունիքն ազատվեց Սուրիկ Խաչատրյանից, կոմբինատը`Վահե Հակոբյանից»:
Մկրտիչ Մինասյանը համաձայն է`օրենքի առաջ բոլորը պիտի հավասար լինեն ու մի դեպքով, որի մասին դեռ դատարանի որոշում դեռ չկա, ասել, որ որեւէ լավ բան չի լինելու`ասում է`չի կարելի: Իշխանական խմբակցության պատգամավորը համաձայն է նաեւ, որ հրապարակային քննարկումների արդյունքում պետք է որոշումները կայացվեն, որպեսզի առավել արժանահավատ ընկալվեն: Նա հիշեցնում է, որ տարբեր շահագրգիռ խմբերի հետ հանդիպումներ եւ քննարկումներ են լինում, որոնց արդյունքում էլ որոշումներ են կայացվում: Մկրտիչ Մինասյանը հորդորում է. «Կառավարությունն իր ծրագրով կներկայանա եւ կիմանանք, թե ի՞նչ պիտի անել եւ ինչպե՞ս պիտի անել»: «Ցանկությունները հոյակապ են, ծրագիրն էլ է լավը լինելու, բայց ցանկացած լավ ծրագիր, որը չունի քաղաքական եւ քաղաքացիական հասարակության աջակցությունը, չի կարող աշխատել»,- ասում է Վիգեն Խաչատրյանը: «Մեր հասարակությունը հենց դրան է սպասում»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
«Այս կառավարության վրա չպիտի դրվի իշխող ուժ հեղինակությունը բարձրացնելու խնդիր»,- կարծում է Վիգեն Խաչատրյանը`հավելելով, որ կառավարությանը կից խորհուրդ պիտի գործի, որ հասարակական կառույցների հետ ճիշտ եւ արդյունավետ կաշխատի: «Այս կառավարության վրա երկրի տնտեսական իրավիճակի բարելավման խնդիր է դրված`արագ տեմպերով զարգացում, կառավարման համակարգի արդյունավետություն: Դա չի կարող քաղաքականության վրա անդրադարձ չունենալ, բայց մեր կառավարության առջեւ այլ խնդիր է դրված»:
Եթե չստացվի ո՞վ եւ ի՞նչ պատասխանատվություն է կրելու`Մկրտիչ Մինասյանին հարցրեց Վիգեն Խաչատրյանը: «Ես համոզված եմ, որ ստացվելու է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: «Ես կասկածում եմ: Արդյունք կլինի, եթե Սերժ Սարգսյանն անձամբ ստանձնի լոկոմոտիվի դերը»,- ասաց Վիգեն Խաչատրյանը`նկատելով, որ ատկատները, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, չվերացան, գաղջ մթնոլորտը չվերացավ: Նա համոզված է. «Քաղաքական վերնախավն իր վարքն ու բարքը պիտի փոխի, որ ներքեւները փոխվեն: Ու եթե նման որոշում կա, դա շատ արագ կերեւա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ