Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանը պետության հաշվին ահռելի գումարներ է աշխատում տարիներ առաջ սեփականացրած մի տարածքի հաշվին։
Դա Երեւանի կենտրոնում, գրեթե Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հայարդնախագիծ» ընկերության տարածքն է, որը նա վարձակալության է տալիս տարբեր՝ այդ թվում եւ պետական կառույցներին ու մեծ եկամուտներ ստանում։ Օրինակ, միայն 2016թ. Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից 127,2 մլն դրամ է հատկացնում այդ շենքում 2150 քմ տարածքի վարձակալման համար։ Այդ տարածքում են տեղակայված այդ նախարարության որոշ ստորաբաժանումներ։
Վարձակալությամբ այնտեղ տարածքներ է զբաղեցնում նաեւ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։ Ընդ որում, որոշ տեղեկությունների համաձայն, ֆիննախի համար իր շենքում նեղվածություն է առաջացել հատկապես նախկին նախարար Գազիկ Խաչատրյանի օրոք, երբ նա իր մեծաքանակ թիկնապահների եւ օգնականների համար նախարարության շենքում տարածքներ է ազատել։
Իսկ հիմա, երբ նոր կառավարությունն ու ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը արդյունավետ կառավարման եւ նպատակային ծախսերի քաղաքականության մասին են հայտարարում, մենք փորձեցինք վերջինից պարզել, թե արդյոք վերանայվելո՞ւ են այս եւ նման այլ շռայլումները։
Կարդացեք նաև
– Պրն Արամյան, տեղյա՞կ եք, որ ձեր ղեկավարած նախարարությունը տարածքներ վարձակալելու համար մեծ գումարներ է վճարում Ա. Հարությունյանին։ Փոխարենը, ըստ որոշ տեղեկությունների, նախարարության շենքում հարմարավետ սենյակներ էին հատկացվել Գագիկ Խաչատրյանի թիկնապահներին։
– Այո, տեղի խնդիր կա, բայց ես դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դրան։ Ընդամենը գիտեմ, որ այդ շենքում են տեղակայված մեր որոշ ստորաբաժանումներ։
Բայց դուք ինձանից պահանջում եք մեկնաբանել իմ նախորդի աշխատանքը, մինչդեռ ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք համակարգերի գործունեության մասին։ Ճիշտ չի, որ ես անդրադառնամ իմ նախորդի աշխատանքին։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում