Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Թե ինչու ԱԳ նախարարը շարունակեց պաշտոնավարել այսքանից հետո՝ բազմաթիվ հարցականներ է առաջացնում «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2016 11:06

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դիվանագիտական ձախողումների մեջ մեղադրվող արտգործնախարարը, որը մինչ այդ պաշտոնին նշանակվելը մի շարք երկրներում եղել է ՀՀ դեսպանը, շարունակում է պաշտոնավարել:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարցերի պատասխանատու, 2008թ. Համաժողովրդական շարժմանը միանալու հետեւանքով աշխատանքից հեռացված ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Ակնհայտ է, որ իր կառավարման օրոք մենք ունեցել ենք բազմաթիվ նահանջներ արտաքին քաղաքական ասպարեզում։ Այդ առումով ինձ համար անհասկանալի է, թե ինչ շարժառիթներով է առաջնորդվել վարչապետը նորանշանակ նախարարներ ընտրելիս։

Միայն համադրելով այն միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնք հակահայկական բանաձեւեր են ընդունել եւ միակողմանի ադրբեջանանպաստ փաստաթղթեր ընդունել, բավական է հասկանալու համար, թե այս 8 տարվա նախարարական գործունեությամբ ինչպիսի վնաս է հասցրել արտգործնախարարը։ Դա ե՛ւ Եվրամիության համապատասխան բանաձեւերն են, ե՛ւ Եվրոպայի խորհրդի ընդունած բանաձեւերը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը (ճիշտ է՝ վերջին երկու գագաթնաժողովների ժամանակ իրավիճակը շտկվել է՝ Վ. Կ.), բայց մինչ այդ ընդունվել է միակողմանի փաստաթուղթ։ Եվ արտգործնախարարությունը չի կարողացել Հայաստանը ներկայացնել այնպիսի շահեկան վիճակում, որ նույնիսկ ապրիլյան հարձակումն Ադրբեջանի կողմից միանշանակ քննադատության առարկա դառնա միջազգային հանրության կողմից։ Այսինքն՝ նույնիսկ այդ օրերին միջազգային հանրությունը հավասարության նշան էր դնում ագրեսորի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։

Հաշվի առնելով այդ, ինչպես նաեւ խայտառակ նշանակումները դեսպանի մակարդակում, երբ ոչ պրոֆեսիոնալները մինչեւ 2008թ. կազմում էին չնչին տոկոս, համեմատելով պրոֆեսիոնալ դիվանագետների հետ, իսկ հիմա հիսուն տոկոսից ավելին են, դրսից, դիվանագիտական փորձ չունեցող անձինք են, շատ հաճախ՝ պատահական, առհասարակ՝ Հայաստանի շահերը յուրովի մեկնաբանող մարդիկ, ցույց է տալիս Էդվարդ Նալբանդյանի վերաբերմունքը Հայաստանի առջեւ դրված խնդիրների նկատմամբ։ Այդ առումով ինձ համար տարօրինակ է, թե ինչու այլ ոլորտներում, որտեղ ձախողումները նույնպես տեսանելի են, իրականացվել է փոփոխություն, իսկ այս ոլորտում՝ ոչ։ Էլ չեմ ասում, որ Էդվարդ Նալբանդյանն ամենափակ աշխատող արտգործնախարարն է, շփումը ԶԼՄ-ների հետ խիստ սահմանափակ է, խտրականություն է դնում իր մամուլի ասուլիսներին լրատվամիջոցներին հրավիրելիս։ Թե ինչու ինքը շարունակեց պաշտոնավարել այսքանից հետո՝ բազմաթիվ հարցականներ է առաջացնում»։ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31