Մոսկվայի Ռուսական իմպեսիոնիզմի թանգարանում ավարտվեց շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին ժամանակակից շախմատի տասը գերհզոր գրոսմայստերներ:
Գերմրցաշարի եզրափակիչ տուրի օրը համընկավ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի ծննդյան օրվան. լրացավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի, աշխարհի ու Եվրոպայի թիմային չեմպիոն, աշխարհի գավաթակիր, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր հայ շախմատիստի 34-ամյակը:
Իններորդ՝ եզրափակիչ, տուրի մեկնարկից առաջ մրցաշարի գլխավոր մրցավար Անատոլի Բիխովսկին եւ մասնակից շախմատիստները շնորհավորեցին հոբելյարին, որից հետո նստեցին խաղատախտակների առջեւ: Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Կողմերը խաղարկեցին իտալական պարտիա, որի ընթացքում խաղատախտակի վրա հավասարակշռությունը պահպանվեց ու 40-րդ քայլում մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի:
Թե Արոնյանը, թե Անանդը մրցաշարն ավարտեցին 5,0 միավորով եւ լրացուցիչ գործակիցներով հայ գրոսմայստերը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Միանձնյա հաղթող դարձավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին՝ 6,0 միավոր, երկրորդը Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրն էր՝ 5,5 միավորով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ