Կարեն Կարապետյանի նշանակումից հետո մամուլն անընդհատ գրում էր, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանի որ հիմա նոր՝ «մաքուր» մարդկանց բերելու կուրս են որդեգրել, եւ դա է պնդում նորանշանակ վարչապետը։ Նրա հեռացումը, անշուշտ, կարելի է համարել վարչապետի հաղթանակը, քանի որ Սերժ Սարգսյանն իր ցանկությամբ երբեք չէր ազատվի իրեն բազում ծառայություններ մատուցած մարզպետից։
Կյանքը ցույց է տալիս, որ բոլոր նման պատմությունները նրան միշտ ներվել են, մոռացվել, պատիժներն էլ, օրինակ՝ որդու, հարազատների կալանք, պաշտոնից հեռացում, եղել են ժամանակավոր եւ հիմնականում հասարակության աչքին թոզ փչելու համար։
Իշխանության «բարեհաճ» վերաբերմունքը, սակայն, հեշտ չի տրվել Սուրիկ Խաչատրյանին, նա ամեն անգամ ՀՀԿ-ի համար ձայներ է ապահովել Սյունիքում՝ մեկին վախեցնելով, մյուսին համոզելով, երրորդին կաշառելով։ Եվ այդ մեթոդները, որպես կանոն, աշխատել են։ Սյունիքը բոլոր մարզերի մեջ գրեթե միշտ իշխանությանը, Սերժ Սարգսյանին տվել է ամենածանրակշիռ ձայների քանակը, եւ իշխանությունն այս մարզում միշտ հաղթանակ է գրանցել։
Բայց ժամանակները փոխվել են, ՀՀԿ-ն կորցրել է իր վարկանիշը, եւ Լիսկայի գոյությունն արդեն կարող է ոչ թե օգնել, այլ՝ խանգարել։ Ըստ որոշ լուրերի, օդիոզների հեռացումը խիստ ժամանակավոր է լինելու՝ մինչեւ 2017-ի ընտրությունների ավարտը։ Եվ նրանց հնարավորություն է տրվելու ռեյտինգային ցուցակներով աշխատել եւ ձայն բերել հարազատ կուսակցությանը։ Կկատարեն այդ առաջադրանքը, ուրեմն կվերադառնան իշխանություն, չեն կատարի՝ կգնան թոշակի։
Կարդացեք նաև
Ասում են նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, պարբերաբար գնում է արտերկիր բուժվելու, եւ պաուզան նրան չի խանգարի։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում