Որո՞նք կլինեն հայկական կողմի
քայլերը Ղարաբաղյան բանակցային գործընթացում
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին խոստովանել է, որ Ղարաբաղյան սառեցված հակամարտության կարգավորման հստակ ճանապարհ առայժմ չի տեսնում, որ հստակ լուծումներ դեռ չեն ուրվագծվում: Ջոն Քերին ելույթ է ունեցել Ասպենի ինստիտուտի եւ «Ատլանտիկ» պարբերականի կողմից Վաշինգտոնում անցկացվող ամենամյա համաժողովում, որտեղ ասել է. «Այսօր աշխարհում սառեցված հակամարտություններ կան, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որի պարագայում այս պահին հստակ լուծում չի ուրվագծվում, որովհետեւ առաջնորդները պատրաստ չեն, որովհետեւ կողմերի մեջ առկա է լարվածություն: Դրանք բարդ հակամարտություններ են, բայց լուծման ճանապարհ հնարավոր է գտնել, եթե մարդիկ որոշակի համալիր լուծումներ ընդունեն: Ես կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նույնպես այդ կատեգորիայի մեջ է մտնում: Մարդիկ պետք է պատրաստ լինեն ընդունել որոշակի լուծումներ»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները մշտապես հանդես են եկել հուսադրող հայտարարություններով, որոնք ենթադրում էին, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, նրանք մշտապես շեշտել են, որ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները:
Պաշտոնական Երեւանը մշտապես խաղաղ բանակցությունների կողմնակից է եղել եւ երբեք կասկածի տակ չի դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեությունը: Այլ է պատկերը Ադրբեջանի դեպքում: Պաշտոնական Բաքուն մշտապես կասկածի տակ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի արդյունավետությունը, հանդես է եկել մաքսիմալիստական հայտարարություններով, պատերազմի քարոզչությամբ, եւ ի վերջո, Ալիեւն ապրիլին դիմեց ագրեսիայի` փաստելով, որ խաղաղ բանակցություններով կարգավորման հասնելը Բաքվի օրակարգում չէ:
Կարդացեք նաև
Քառօրյա պատերազմից ամիսներ անց պաշտոնական Վաշինգտոնի կողմից այսօր արձանագրումը, որ ԼՂ հակամարտության լուծումը տեսանելի չէ, իրականում, կարեւոր է այն առումով, որ այն ձեռնտու է պաշտոնական Երեւանին: Հայկական կողմը պետք է ձգտի իր նոր մոտեցումները ներկայացնել ու հասնել արդյունքի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն այսօր հնարավոր չէ, որովհետեւ Ալիեւի քաղաքականությունը տարիներ շարունակ հանգեցրել է մի իրավիճակի, երբ արդեն շատերի համար է ակնհայտ, որ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի հետ խաղաղ գոյակցել ուղղակի ի վիճակի չէ մի պարզ պատճառով` այդ երկրում հայատյացության աստիճանը հասել է գագաթնակետի:
Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կամ ողջ միջազգային հանրությունը երբեւէ լսե՞լ են «փոխզիջում» բառը Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հիմա` ապրիլյան պատերազմը փոխզիջումն անհնար է դարձրել հայկական կողմի համար: Սա գիտակցում է Վաշինգտոնը, եւ Քերիի հայտարարությունը նաեւ այս համատեքստում պետք է ընկալել:
ԱՄՆ-ից, իհարկե, նաեւ շարունակում են հնչել հուսադրող հայտարարություններ: Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում Պետդեպարտամենտի լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոնն օրերս նշել է. «Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել հակամարտության կողմերի հետ: Մեր քաղաքականությունը, որի հետ համամիտ են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունները, հետեւյալն է` հարցի արդարացի լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի, ուժ չկիրառելու կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների վրա»: Էլիզաբեթ Թրյուդոն ճեպազրույցում ԼՂ հակամարտության թեմային անդրադարձել է պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական AzerTag գործակալության Վաշինգտոնի թղթակցի հարցին, որն ակնհայտորեն ցույց է տվել դժգոհությունը ավելի վաղ Ջոն Քերիի հնչեցրած հայտարարությունից, թե ինչո՞ւ է Ջոն Քերին հայտարարել, որ` «երկու երկրների առաջնորդներն էլ պատրաստ չեն հակամարտության լուծմանը»:
Այժմ միջնորդները սահմանափակվում են՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Օրերս ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է. «Հույս ունենք, որ համանախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպումն անցկացնելու համար: Այս պահին հաջորդ հանդիպման ամսաթիվն ու տեղը հստակեցված չեն»: Ուորլիքի խոսքով՝ համանախագահները շարունակում են աշխատանքը հակամարտող կողմերի հետ կարգավորման ուղղությամբ. «Ամսվա վերջին տարածաշրջան կատարելիք մեր այցի ընթացքում մենք պլանավորում ենք կողմերի հետ հանդիպումներ եւ հարցերի քննարկումներ»: Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում նաեւ գրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. «ԱՄՆ-ը՝ որպես միջնորդ, նախկինի նման հավատարիմ է ԼՂ խնդրի բանակցային գործընթացին եւ ակտիվորեն աշխատելու է ԵԱՀԿ համանախագահների հետ՝ հասնելու հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորմանը»։
Այսպես, այս ամսվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են ժամանել տարածաշրջան, թերեւս, նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր ճշգրտելու:
Պաշտոնական Փարիզն օրեր առաջ կրկին հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման պատրաստակամությամբ: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեսն օրերս նշել է, որ Փարիզը կարող է կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը. «Ֆրանսիան իր դիրքորոշումն արտահայտել է: Մենք կարող ենք ընդունել նախագահներին: Ճիշտ է, հանդիպման ժամկետները հստակեցված չեն»:
Անկախ նրանից, թե ինչ պայմաններում կհաջողվի նոր հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր բավական բարդ փուլում է գտնվում` առաջ շարժվելու տեսանկյունից: Պաշտոնական Երեւանը Մադրիդյան սկզբունքներում հայկական կողմի փոխզիջումների վերանայման հարց է բարձրացրել, իսկ Բաքուն վաղուց է ապացուցել, որ խաղաղ բանակցություններում կառուցողական քննարկումներից ու ձեռք բերված պայմանավորվածություններից խուսափում է: Նշանակում է՝ ստեղծված իրավիճակում պաշտոնական Երեւանը պետք է հանդես գա նոր մոտեցումներով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 06.10.2016